HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Վանաձոր» ՔԿՀ-ում 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել

Երեկվանից՝ փետրվարի 27-ից, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է՝ պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են:

«Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասում է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:

Նշենք, որ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Ազատությունից զրկված անձինք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ:

Այդ ժամանակ Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև ազատազրկված որոշ անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ: Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկել են հիմնարկի խցերը։ Ծառայողները խցերից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք և այլ արգելված իրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter