Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը։
«Գարեգին Բաղրամյանը 2019 թվականի ապրիլի 19-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, եւ այդ պաշտոնում աշխատում է առայսօր: Այդ աշխատանքին զուգահեռ դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Հեղինակ է մի շարք ձեռնարկների եւ գիտական հոդվածների: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով եւ այլ պարգեւներով:
Գնել Սանոսյանը ներկայացրել է հանձնաժողովի հետ նախարարության աշխատանքը` դրական գնահատելով այն:
Ելույթ ունենալով` Գարեգին Բաղրամյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանն այդ պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելու համար, անդրադարձել նախորդ հինգ տարիների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքի ուղղություններին, սակագնային եւ ներդրումային քաղաքականությանը, առաջիկա անելիքներին: «Հայտնում եմ իմ պատրաստակամությունը` ձեր վստահության քվեն ստանալու պարագայում աշխատանքային փորձս եւ գիտելիքներս ներդնել կարգավորողի առջեւ դրված նպատակներին հասնելու` ի բարօրություն մեր սպառողների եւ մեր երկրի զարգացման»,- ամփոփելով ելույթը` ընդգծել է թեկնածուն:
Հարցուպատասխանի ընթացքում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, որոնք վերաբերել են ոլորտում ներդրումային քաղաքականությանը, ուռճացված ծախսերին, ճանապարհաշինական աշխատանքների ցածր որակին, էներգետիկ անվտանգության հարցին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, որը վերջին 4 տարիների ընթացքում բարձրացել է 20 տոկոսով, գազի ներտնային սպասարկման հարցում առկա խնդիրներին, ջրի որակին, գազի կալորիականությանը եւ այլն:
Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 29-ին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` վերջին նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
Մեկնաբանել