HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ֆրանսիայի հայանպաստ քաղաքականությունը մեզ շատ սիրելուց չէ. քաղաքագետ

«Կարևոր չէ` Ֆրանիայում նոր նախագահի օրոք կընդունվի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացվող օրենքը թե ոչ, կարևոր չեն Ֆրանիայի կամ Թուրքիայի արտգործնախարարների հայտարարությունները, մեզ համար կարևորն այն է, որ Թուրքիան թե տնտեսապես, թե քաղաքականապես Եվրոպայից կախվածության մեջ է: Հայկական հարցը միշտ կշահարկվի այդ պետության դեմ, ինչի արդյունքում նրա դիրքերը տարածաշրջանում չեն կարող տիրապետող լինել»,- այսպիսի գնահատական տվեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչների կատարած հայտարարություններին:

Հիշեցնենք, որ վերջերս Ֆրանսիայի արտգործնախարարը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Ֆրանսիան չի գնա նույն ճանապարհով. մեկ անգամ սահմանադրական խորհուրդը մերժել է Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի բանաձևը, նմանատիպ մեկ այլ բանաձևի կարիք չկա: Անմիջապես մեկ օր անց նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր նրան հիշեցրել էին իր տված նախընտրական խոստումները հայերի մասով: Նախագահը խոստացել էր, որ նոր բանաձև կներկայացնի:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը կարող է սասանվել, եթե  երկրի նախագահի կողմից ներկայացված նմանօրինակ օրինագիծը երկրորդ անգամ մերժվի: «Այս անգամ, կարծում եմ, նախագահի նախաձեռնությունը չի ձախողվի»,- ասաց թուրքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ Ֆրանսիայի այսպիսի հայանպաստ քաղաքականությունը ոչ թե մեզ շատ սիրելուց է, այլ բխում է այդ երկրի քաղաքատնտեսական շահերից: Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդվում են Արևելյան Եվրոպայում, սևծովյան ավազանում, ինչպես նաև միջերկրածովյան ավազանի արևելյան հատվածում, այն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Մերձավոր Արևելքի վրա ազդելու օպտիմալ հարթակ է:

Թուրքիայի հզորացումը ինչ-որ առումով ձեռնտու է Մեծ Բրիտանիային, որը փորձում է օգտագործել Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում՝ ի հակակշիռ  ֆրանս-գերմանական դաշինքի: Իսկ ահա հայկական հարցը Ֆրանսիայի համար Թուրքիային զսպելու մեխանիզմներից մեկն է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter