HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակունյաց պողոտայի բենզալցակայանում կատարված ավազակային հարձակման փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Արշակունյաց պողոտայում գտնվող բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Մարտի 02-ին՝ ժամը 05:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ստացվել է ահազանգ, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում հրազենից կրակելու հետևանքով «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54 ամյա մի բնակիչ։ 

Ժամը 05:15-ին նաև «Էրեբունի» ԲԿ-ից է ստացվել ահազանգ, որ վերոնշյալ հասցեից գլխի վնասվածքով իրենց է դիմել Երևան քաղաքի 54-ամյա մեկ այլ քաղաքացի։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնել է քրեական վարույթ:

Վերոնշյալ երկու անձինք ճանաչվել են տուժող ու հարցաքննվել։ Վերջիններիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները։ Հարցաքննվել են նաև մի շարք անձինք։

Իրականացված քննչական և վարութային առաջնային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք, բժշկական դիմակներով, զինված, մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակ։ Հանդիպելով աշխատակիցների դիմադրությանը՝ նրանք մեկ անգամ զենքի բռնակով հարվածել են նրանցից մեկի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք և երկու անգամ էլ քննությամբ դեռևս չպարզված հրազենից կրակոց են արձակել, որից մեկը դիպել է մյուս աշխատակցի ձախ ոտքի հատվածին, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային վիրավորում։ Սակայն նշված երկու անհայտ անձիք, իրենց կամքից անկախ, չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել և դիմել են փախուստի։

Նախաքննությունը շարունակվում է, հնաձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժին հանցանք կատարած անձնաց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու, քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter