
Եվրադատարանը ՀՀ Կառավարության դիրքորոշման դեմ վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 10-ին Հայաստանի կառավարության դեմ հերթական վճիռն է կայացրել: Գործը վերաբերում է փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանին, ով կալանավորվել էր Երևանի Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքներին պաշտպանելու համար՝ հանդիսանալով ամենաակտիվ պաշտպանը:
2005 թ.-ի հոկտեմբերի 7-ին Վահե Գրիգորյանը կալանավորվել էր ակնհայտ կեղծ փաստաթղթեր նախապատրաստելու միջոցով մեծ գումար յուրացնելու կասկածանքով:
Վ. Գրիգորյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որ ազատեն վերջինիս 72-ժամյա ձերբակալության ավարտից հետո, սակայն դատավորը չի քննել այն: Նույն ժամանակ քննիչը միջնորդություն է ներկայացրել Վ. Գրիգորյանի հանդեպ երկու ամսյա կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Վ. Գրիգորյանը կատարել է ծանր հանցանք՝ յուրացնելով մեծ քանակությամբ գումար: Առաջին ատյանի դատարանը որոշել է կալանք կիրառել մինչև 2005 թ.-ի դեկտեմբերի 7-ը:
Դատարանը հետագայում բավարարել է նաև կալանքը երկարացնելու միջնորդությունը, սակայն 2006 թ.-ի փետրվարի 15-ին Վ. Գրիգորյանը վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
2006 թ.-ի օգոստոսի 10-ին քննիչը որոշել է կասեցնել քրեական գործը, քանի որ անհայտ է այն երկու կասկածյալների գտնվելու վայրը, ում վկայությունների հիման վրա էլ հարուցվել էր գործը: Այսինքն՝ քննիչին այդպես էլ չէր փակել քրգործը: Այն կվերսկսվեր երկու կասկածյալների ի հայտ գալուն պես:
Եվրոպական դատարանը գտել է, որ, Վահե Գրիգորյանի նկատմամբ կալանք կիրառելով, խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը «ազատության իրավունք» և նույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը` «արդար դատավարություն»:
Ըստ Եվրադատարանին՝ պարզ չէ այն, թե ինչու 2005 թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչև 2006 թ.-ի օգոստոսի 10-ի ընթացքում, ինչպես նաև գործի կասեցումից հետո շուրջ 4 տարի, որևէ քննչական միջոցառում չի իրականացվել: ՀՀ կառավարությունը որևէ ինֆորմացիա չի տրամադրել առ այն, որ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել բացակայող կասկածյալներին գտնելու համար և այդպիսով վերացնելու քրեական գործի շարունակական կասեցման հիմքը: Հետևաբար, դատարանը գտել է, որ վերոնշյալ հանգամանքները բավական են դատարանին եզրակացնելու, որ քրեական գործի ընթացքը չափազանց երկար է տևել և չի համընկել Կոնվենցիայով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջին:
Այսպիսով, համաձայն Եվրադատարանի վճռին, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է վճռի` պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում Վահե Գրիգորյանին որպես բարոյական փոխհատուցում վճարել 2.500 եվրո գումար:
Մեկնաբանել