
Մարտի 1-2-ին 500 դեղատնից ԱՐՄԵԴ համակարգին միանալու հայտ է ներկայացվել
Միայն մարտի 1-ին և մարտի 2 -ին ԱՐՄԵԴ համակարգը հայտ է ստացել ավելի քան 500 դեղատնից. բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարվում են։ Այս մասին հայտնում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մամուլի ծառայությունը։
«Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում: Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն հրապարակումները, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Դեղատների հետ պայմանագրերի կնքումն ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածութուն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:
Մյուս կողմից՝ բնական է, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ: Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր մարտի 1-ից գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար ԱՐՄԵԴ համակարգին միանալը պարտադիր է:
Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի 2-ին ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը հայտեր է ստացել ավելի քան 500 դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար։
Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարևոր է նաև դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24- ժամյա ռեժիմով, և բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուժհաստատությունները կարող են կապ հաստատել մեզ հետ»,-նշված է հաղորդագրությունում։
Վարչապետի որոշմամբ այս տարվա մարտի 1-ից 3370 գրանցված դեղերից 2566-ը դուրս կգրվի էլետրոնային դեղատոմսով:
Մեկնաբանել