HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Չեմ պատկերացնում`ով կարող էր անկախ Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն. Մեզենցև

«Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ով կարող էր դարավոր պատմություն, ինքնուրույն, անկախ Հայաստանին քարշ տալ Միութենական պետություն»,- այսօր ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստան-Բելառուս միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը։ 

Մեզենցևի այս հավաստիացումները հետևեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փետրվարի 29-ի հայտարարությանը։ Սիմոնյանը պնդել էր, որ 2021 թվականին կանխվել է Հայաստանի միացումը միութենական պետությանը։ «Աշխարհաքաղաքական հարց է լուծել հայ ժողովուրդը 2021 թվականին իր ընտրությամբ»,- ասել էր Սիմոնյանը:

Հայաստանին Միութնական պետությանը միացնելու Ռուսաստանի ցանկությունների մասին խոսակցությունները հաճախ են շրջանառության մեջ դրվում իշխանությունների կողմից։ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 2022-ի դեկտեմբերի 14-ին ասել էր, որ Հայաստանին ստիպում են դառնալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ։ Մելքոնյանի խոսքով իրենք մերժել են այս առաջարկը, դրա համար էլ Ռուսաստանը թույլատրել է Լաչինի միջանցքի փակումը։ «Ժամկետ են դրել` մերժել ենք, միջանցքը փակել են»,- ասել էր Մելքոնյանը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես խոսել էր Հայաստանի վրա ճնշումների մասին։ «Հայաստանի հանդեպ ճնշումները նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ»,- ասել էր նա: Գրիգորյանի հայտարությանը նույնպես արձագանքեցին Ռուսաստանից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ԱԽ քարտուղարի հայտարարությունը համարել էր սադրիչ։ «Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ասել էր Պեսկովը:

Թեև Ալեն Սիմոնյանը նույնպես հաստատեց, որ Ռուսաստանի կողմից միութենական պետությանը միանալու ուղիղ առաջարկներ չեն եղել, այս թեմայով խոսակցությունները շարունակվում են շրջանառվել։

լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter