
«Հայաստանը դեռևս չի պատասխանել միջգերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ ՌԴ առաջարկին». Զախարովա
ՀՀ-ն դեռ չի պատասխանել Երևանի մտահոգությունները վերացնելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու ՌԴ առաջարկին: TACC գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավելի վաղ մենք հայ դաշնակիցներին առաջարկել էինք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները փարատելու համար։ Դեռ պատասխան չկա, միգուցե այն ստանանք, միգուցե հենց հիմա ստանանք․․․ այս նախաձեռնությանը նրանք դեռ չեն պատասխանել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Վերջին շրջանում հայկական կողմը պարբերաբար քննադատություններ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին առ այն, որ Մոսկվան չի կատարում դաշնակցային իր պարտավորությունները, այդ թվում ՀԱՊԿ ձևաչափով։ Ի պատասխան դրա՝ Երևանը բաց է թողել ՀԱՊԿ ձևաչափով մի քանի հանդիպումներ: Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել էր, որ Հայաստանը ժամանակավորապես սառեցրել է իր մասնակցությունը այդ կառույցին։
Լուսանկարը՝ Vladimir Smirnov/TASS
Մեկնաբանել