
Նիքի Հեյլին դուրս եկավ ամերիկյան նախագահական ընտրապայքարից
ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի հավակնորդ Նիքի Հեյլին, որը նախկինում զբաղեցնում էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի և Հարավային Կարոլինայի նահանգապետի պաշտոնները, հայտարարել է նախընտրական ընտրապայքարից իր դուրս գալու մասին։ Այդ մասին գրում է Reuters-ը։
«Ժամանակն է, որ դադարեցնեմ իմ քարոզարշավը։ Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»,- հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչը։
BREAKING: Nikki Haley exits 2024 race, does not endorse Trump. pic.twitter.com/eeDC8MICqv
— MSNBC (@MSNBC) March 6, 2024
Ավելի վաղ, այդ մասին գրել էր The Wall Street Journal-ը։ Ինչպես և ակնկալվում էր, նա չհայտարարեց իր գլխավոր մրցակցին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սատարելու մասին, բայց Թրամփին կոչ արեց ստանալ իր կողմնակիցների աջակցությունը։
WSJ-ն նշում էր, որ Հեյլին ծրագրում է դուրս գալ նախագահական մրցապայքարից «սուպեր երեքշաբթիի» արդյունքների ֆոնին։ Դրա արդյունքներով՝ Թրամփը հաղթել էր 15 նահանգներից 14-ում, որտեղ ընթանում էին հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրությունները, իսկ Հեյլին հաղթել է միայն մեկ նահանգում՝ Վերմոնտում: Reuters-ը նշում է, որ մրցավազքից դուրս գալու Հեյլիի որոշումը նշանակում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին կպայքարեն Թրամփն ու գործող նախագահ Ջո Բայդենը:
Հանրապետականներին զուգահեռ անցկացվել են նաև Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական ընտրությունները։ Դրանք ևս տեղի են ունեցել 15 նահանգներում, ինչպես նաև Ամերիկյան Սամոայում։ 15 նահանգներից 14-ում հաղթել է Ջո Բայդենը։
Լուսանկարը՝ The Wall Street Journal-ից
Մեկնաբանել