HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գյումրիի դարբնության ավանդույթը»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանում, որը տեղի է ունեցել 2023թ․ դեկտեմբերի 4-9-ին՝ Բոտսվանայի Կասանե քաղաքում։

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հայտը նստաշրջանում ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Հայտի փաթեթում առանցքային տեղ է գրավել հատուկ գրավոր ձևաչափը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում է արժեքի բնութագիրը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աղասի Թադևոսյանն է հեղինակել նշված նյութը` հենվելով այս թեմայի շրջանակներում իրականացրած իր հետազոտությունների և հրատարակությունների վրա։ Այս թեմայով նա հեղինակել է «Դարբինը Հայոց ծիսակարգում» և «Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգությունը» մենագրությունները և բազմաթիվ հոդվածներ։ «Ես իրականացրել եմ նաև ազգագրական հետազոտական աշխատանք հիմնախնդրի արդի վիճակի նկարագիրը և մանրամասները վեր հանելու նպատակով։  Այս հետազոտության գիտական արդյունքը եղել է Գյումրիի դարբնության ավանդույթի՝ որպես ոչ նյութական մշակութային արժեքի՝ միջազգային չափանիշներին համապատասխանող բնութագիրը ներկայացնող տեքստի կազմումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։

Տեքստում նկարագրված է եղել Գյումրի քաղաքի արհեստավորական համատեքստը և այն միջավայրը, որում պատմականորեն ձևավորվել ու զարգացել է քաղաքային դարբնության ավանդույթն ու երկաթի գեղարվեստական մշակման հմտությունը։ Ներկայացվել են քաղաքային դարբնության առանձնահատկությունները, արհեստի զարգացման և դինամիկ կերպով վերարտադրության գործում ժառանգականության դրսևորումների կարևորությունը և սերնդեսերունդ արհեստը փոխանցելու մշակութային համատեքստը։ «Ներկայացված աշխատանքի կարևոր գիտական արդյունքներից է նաև Գյումրի քաղաքի դարբնության ինքնատիպությունը ներկայացնող մշակութային նրբերանգների ներկայացումն ու վերլուծությունը։ Հետազոտության գիտական խնդիրներից է եղել ոչ միայն դարբնության ավանդույթի, այլև արդիականության պայմաններում դրա կենսունակության պատճառների ներկայացումը», - ասաց Աղասի Թադևոսյանը։

Նա նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում տվյալ արժեքի գրանցման վերաբերյալ տեղեկատվական վերլուծական բնույթի հոդված է ներկայացվել  Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի «Вестник комиссии Российской Федерации по делам ЮНЕСКО» ամսագրի հերթական համարում։ Հոդված հրատարակելու առաջարկ է ստացվել նաև հեղինակավոր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից (Smitsonian Institution, USA): Հոդվածը ներկայում գտնվում է պատրաստման փուլում։

Հետազոտական աշխատանքների իրականացմանը, որպես գլխավոր հետազոտողի օգնական, ներգրավված է եղել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ Արգամ Երանոսյանը, ով նաև իրականացրել է վիզուալ մարդաբանության հետ կապված լուսանկարչական աշխատանքների հիմնական մասը։

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի պատրաստումը և դրա համար անհրաժեշտ հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի» հատուկ պատվերի և այն վավերացնող մասնագիտական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։

Լուսանկարը՝ Հետք Մեդիա Գործարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter