
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնում են մեկ գիշերվա ընթացքում տասնյակ անօդաչուների խոցման մասին
Ռուսական զորքերը մարտի 8-ի գիշերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 37 հարվածային անօդաչու, С-300 զենիթահրթիռային համալիրի մեկ հրթիռ և Х-59 տեսակի ավիացիոն երկու հրթիռ են արձակել։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինայի ԶՈւ տվյալներով՝ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է Կիրովոգրադի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Խարկովի մարզերում խոցել 33 անօդաչու։
Ուկրաինայի «Հարավ» պաշտպանության ուժերի հրամանատարության տվյալների համաձայն՝ Օդեսայի մարզում անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ, որի շենքը «երկար ժամանակ չէր օգտագործվում»։ Օբյեկտի տարածքում հրդեհ է սկսվել, որը հաջողվել է մարել։ Տուժածների մասին տվյալներ չկան։
Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտնում է Վոլգոգրադի մարզի ուղղությամբ ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ մարտի 8-ի գիշերը ՀՕՊ հերթապահ միջոցները կարողացել են ոչնչացնել 11 անօդաչու, իսկ առավոտյան՝ ևս 4-ը։ Տեղական իշխանությունները նշում են, որ ավերածություններ և տուժածներ չկան։
Լուսանկարը՝ արխիվային/REUTERS/Gleb Garanich
Մեկնաբանել