HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ կապ ունի Գյումրիում թափառող շներին ստերջացնող «Կումնի» ՍՊԸ-ի հիմնադրի ընտանիքը Բալասանյանի քաղաքական թիմի հետ

2023թ.-ի նոյեմբերին Գյումրու համայնքապետարանը թափառող շների ստերջացման ծառայության համար մրցույթ էր կազմակերպել։ Մրցույթում հաղթել էր ստերջացման համար ամենացածր գինն առաջարկած «Կումնի» ՍՊԸ-ն։ 

Գյումրու համայնքապետարանը դեկտեմբերի 7-ին ընկերության հետ 500 թափառող շան ստերջացման պայմանագիր էր կնքել՝ ընդհանուր 10,6 մլն դրամ արժեքով։

Ընկերությունը հիմնադրվել էր մրցույթի վերջնաժամկետից ընդամենը հինգ օր առաջ, իսկ առաջարկված գինը շուկայական արժեքից ավելի ցածր էր։ 

Պայմանագրի կնքումից երկու ամիս անց կենդանասերներն ահազանգեցին, որ ընկերությունը կենդանիներին բռնում ու տանում է Գյումրիի մոտ գտնվող Ջաջուռ համայնք։ 

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութի մեջ երևում է, որ կենդանիներին պահում են դաժան պայմաններում՝ գոմում, սոված, առանց ջրի։ 

Ջաջուռ համայնք այցելած կենդանապաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։

«Կումնի» ընկերության վերաբերյալ հանրային մեծ արձագանքից հետո Գյումրու համայնքապետարանը հրապարակեց տեսանյութ, որում աշխատակիցը ցույց է տալիս շների համար ընկերության ստեղծած պայմանները։ Այս տեսանյութով Գյումրիի համայնքապետարանը, կարծես, փորձում էր արդարացնել իր ընտրությունը։

«Հետքն» ուսումնասիրել է ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքած պայմանագիրը, որում 13 կետով շարադրված են շներին պահելու եւ ստերջացնելու  պայմաններն ու չափորոշիչներ։

Հաշվի առնելով ստերջացման միջին շուկայական արժեքը (25-30 հազար դրամ 1 կենդանու համար), դժվար է պատկերացնել, թե ինչպես էր ընկերությունը պահպանելու պայմանագրի բոլոր պայմաններն ու չափորոշիչները՝ մեկ կենդանու համար ստանալով ընդամենը 21 հազար դրամ։ 

«Կումնի» ՍՊԸ-ի հիմնադրի ընտանիքի անդամների կապը Բալասանյան քաղաքական թիմի հետ 

Ընկերության հիմնադիրն ու տնօրենը Հարություն Վիրաբյանն է։ 

Հարություն Վիրաբյանի ավագ որդին՝ Սեդրակ Վիրաբյանը, կապ ունի «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ։

Նա 2016-ին «Գյումրեցու ոգի» կուսակցության ընտրացուցակով մասնակցել է Գյումրիի ավագանու ընտրություններին, ընտրացուցակի 7-րդ համարն է եղել։ 2021-ին «Գյումրեցու ոգի» կուսակցությունը  վերանվանվել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, որը 2021-ի ավագանու ընտրություններում ստանալով ձայների մեծ մասը՝ այժմ Գյումրիում իշխող ուժն է։

Սեդրակ Վիրաբյանը Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական, «Գյումրեցու ոգի» կուսակցության հիմնադիր Սահակ Սահրադյանի ընկերներից է։ 

«Կումնի» ՍՊԸ-ի հիմնադիր Հարություն Վիրաբյանի կրտսեր որդին՝ Սևակ Վիրաբյանը, նախկինում աշխատել է Գյումրիի համայնքապետարանում։

Սևակ Վիրաբյանը համայնքապետարանի աշխատակազմի հետ նկարներ ունի։ 

Չնայած մինչ օրս նրա ֆեյսբուքյան հաշվում Գյումրու համայնքապետարանը նշված է որպես աշխատանքի վայր , մեր տեղեկություններով այժմ նա գտնվում է Ռուսաստանում։

Հարություն Վիրաբյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։

«Կումնի» ՍՊԸ-ն դիմել է թափառող շների ստերջացման նոր մրցույթին

Այս տարվա փետրվարի 27-ին Գյումրիի համայնքապետարանը թափառող շների ստերջացման ևս մեկ մրցույթ է հայտարարել։ 

Պետական գնումների Armeps համակարգում տեսնում ենք, որ մրցույթին միակ դիմողը «Կումնի» ՍՊԸ-ն է։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրացել է, ընկերության դիմումն այժմ գնահատման փուլում է։

Ըստ ներկայացված գնային առաջարկի, ընկերությունը պատրաստ է ծառայությունը մատուցել 19,9 մլն դրամով։ 

Գյումրիի համայնքապետարանին հարցրեցինք, թե ինչո՞ւ է համայնքապետարանը նոր մրցույթ հայտարարել, արդյոք «Կումնի» ընկերությունը արդեն ստերջացրել է 500 շուն, որ նոր մրցույթի կարիք է առաջացել։

Համայնքապետարանի գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմինե Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ ընկերությունը չի ավարտել կենդանիների ստերջացումը, բայց համայնքապետարանը նախապես է մրցույթը հայտարարել, որ մինչև նախորդ պայմանագրի ավարտը արդեն նոր պայմանագիր լինի։

Գյումրիում թափառող շների խնդիրը պարբերաբար բուռն քննարկումների պատճառ է դառնում։ Ագրեսիվ շները ահաբեկում են բնակիչներին, անցած տարվա նոյեմբերին շունը հարձակվել էր 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։

Գյումրու ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը դեկտեմբերի վերջին ավագանու արտահերթ նիստի ժամանակ բարձրացրել էր թափառող շների ստերջացման հարցը։ Իր ելույթում նա նշել էր, որ ծառայություն մատուցող ընկերությունները թերի են կատարում իրենց պարտականությունները, ու հարցը տարիներ շարունակ չի լուծվում։

Գլխավոր լուսանկարը rgnews.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter