HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյան. «Մենք կռվում էինք որպես Հայաստան և վատ չէինք կռվում»

Նախագահի ուղերձը` հանրապետության տոնի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի' սեպտեմբերին, պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին շատ փոքր ժամանակահատված է ինչ-որ բան հասցնելու համար:

Բայց սա' միայն առաջին հայացքից: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ' անկախություն և ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի:

Եթե մինչև մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպվել կրոնական, մշակութային, կուսակցական, հասարակական և զանազան այլ կառույցներում, ապա մայիսի 28-ից հետո սկսեցինք կազմակերպվել պետականորեն, ինչն ազգի կազմակերպման բարձրագույն և ամենաարդյունավետ ձևն է: Մենք շատ բան վերանայեցինք թե մեր ներսում, և թե մեր շուրջը:

Մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է և բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչև այսօր, բայց սա նոր սկիզբ էր և քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա:

Ավելին, մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսևորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: Հայության հավաքական կամքն իսկապես հրաշքներ գործեց այդ օրերին, և մենք հիմնավոր հպարտությամբ ու երախտագիտությամբ ենք դա ասում, քանի որ մայիսյան ճակատամարտերի հերոսների կյանքով ու արյունով Հայաստանը փրկագնվեց մահվան ճիրաններից:

Կռվողներից ոչ զինվորները, ոչ աշխարհազորը, ոչ սպայական կազմը և նույնիսկ ոչ հրամանատարությունը չգիտեին, որ ընդամենը մեկ-երկու օր հետո պաշտոնապես վերականգնվելու է հայոց պետականությունը, բայց կատարվել էր ամենակարևորը. մենք կռվում էինք որպես Հայաստան և վատ չէինք կռվում: Սա արդեն իրականություն էր: Արդեն մենք էինք խաչ քաշում դարավոր ստրկության, թշվառ ու անկազմակեպ մեր անցյալի վրա:

Երկրում ծայրահեղ և արտակարգ իրավիճակ էր, բայց ոչ ժողովուրդը, ոչ իշխանությունները չմոռացան ամենակարևորը. անկախությունն ու ժողովրդավարությունը չեն հակասում իրար: Ավելին, նրանք հզոր պատվար են միմյանց համար: Այո, մարդիկ' անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրավունքները, ունեցվածքը և նույնիսկ կյանքը' հանուն հավաքական շահի, բայց արդյոք կարելի՞ է չհիշել այդ մարդու' անհատի շահերի, իրավունքների, նրա անձնական երջանկության մասին:

Ներկայիս Հայաստանը նույնպես ապրել է ծայրահեղ իրավիճակներ և կանգնած է եղել այս հակասության առաջ: Այսօր մենք' որպես ազգ և պետություն, բավականաչափ ամուր ենք' իրականացնելու համար մի նոր հոգեբանական վերափոխում, կյանքի կոչելու նոր բանաձև. անհատի շահերն ու իրավունքները սրբազան են այնքան, որքան հավաքական-ազգային շահը: Համոզված եմ, որ իրականում չկա հակասություն, կա հասարակական որոշ շերտերի մեջ իրողությունների ոչ խորքային ընկալում միայն:

Այն, ինչ պատմական հանգամանքների բերումով չհասցրեց ու չկարողացավ անել մայիսի 28-ին վերածնված Հայաստանը' չնայած իր գործադրած անկեղծ և համառ ջանքերին, պետք է կարողանա անել սեպտեմբերի 21-ին վերածնված Հայաստանը:

Ուժեղ բանակը լավ է, իսկ ուժեղ, ազատ և պաշտպանված քաղաքացիների բանակը' շատ ավելի լավ: Ազատ քաղաքացին ամենահուսալի պատվարն է թե արտաքին թշնամու, թե ներքին ապօրինությունների դեմ: Եթե մարդը չունի լիակատար ազատություն և իրավունքներ իր հայրենիքում, նա ումի՞ց և ի՞նչ պետք է պաշտպանի: Կարծում եմ' այս հարցը բոլորը պետք է տան իրենց:

Ազգի շահերն ու ազատությունը կարելի է ու պետք է համադրել անհատների շահերին և ազատություններին: Ամենևին էլ պարտադիր չէ, որ մեկը զոհաբերվի մյուսին: Ճիշտ հակառակը' սրանք մեկ համալիր են:

Մայիսի 28-ն այնպիսի իրադարձություն է, որ մեզ առիթ է տալիս վերաիմաստավորելու ոչ միայն այն, ինչ կատարվել է 93 տարի առաջ, այլև հատկապես այն, ինչ կատարվում է այսօր: Անցյալի նշանակալի իրադարձությունների թե դրական, թե բացասական փորձը ուսանելի է:

Սիրելի հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին և առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք և աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, և դրա արձագանքները սերունդների հոգիներում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter