HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը՝ որպես դրական օրինակ, որի արդյունքում ստեղծվել է  հնարավորություն՝ ծանոթանալու և բացահայտելու մեծանուն կոմպոզիտորի բազմաշերտ ժառանգությունն ու կենսագործունեության նորանոր էջերը:

«Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն  հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և  հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:

«Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին:

Նշենք, որ ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter