HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Գերության մեջ գտնվողների հետ հարցազրույցը հակասում է ոչ միայն միջազգային, այլև՝ Ադրբեջանի ներքին օրենսդրությանը. Արա Ղազարյան

Մարտի 10-ին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը` AzTV-ն, կադրեր էր տարածել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցից։

«Գերության մեջ գտնվող անձանց հետ հարցազրույցի անցկացումը հակասում է ոչ միայն միջազգային, այլ նաև՝ նույնիսկ Ադրբեջանի ներքին օրենսդրությանը»,- կարծում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի՝ սա արված է պրոպագանդիստական նպատակով և հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է։

«Սա հերթական հայատյացության դրսևորումն է»,- ասում է Ղազարյանը։

Նախկինում նույնպես եղել են դեպքեր, երբ ադրբեջանական հեռուստաալիքները հարցազրույց են վերցրել հայ ռազմագերիներից։ 2010 թվականին ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել Մանվել Սարիբեկյանից։ Նա այդ տարվա սեպտեմբերի 11-ին իր անասուններին փնտրելիս մոլորվել էր Տավուշի մարզի սահմանամերձ գոտում և հայտնվել հակառակորդի մոտ: Ադրբեջանական կողմը նրան ներկայացնում էր որպես հայկական բանակի հետախույզ։ «Սարիբեկյանի հարցազրույցի կադրերից երևում էր, և մեր մասնագետներն էլ հեշտությամբ պարզեցին, որ նա ոչ թե հարցազրույց է տալիս, այլ կարդում է իրեն տրված տեքստը»,- ասում է Արա Ղազարյանը։

Արայիկ Հարությունյանի և Լևոն Մնացականյանի իրավունքների խախտման կապակցությամբ նրանց հարազատները կամ Հայաստանի Հանրապետությունը կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է Արայիկ Հարությունյանի և Լևոն Մնացականյանի համաձայնությունը, բայց այս պարագայում դա ստանալն անիրատեսական է»,- նշեց Ղազարյանը։

Ըստ փաստաբանի՝ եթե ինչ-որ կերպ հնարավոր լինի գործը հասցնել Եվրոպական դատարան, ցանկալի է, որ դա լինի անհատական գանգատի տեսքով։

«Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն արդեն բացեիբաց հայտարարում է, որ մի օր հնարավոր է հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից։ Դրա համար ավելի ցանկալի է անհատական գանգատ ներկայացնել»,- ասաց Ա․ Ղազարյանը։

Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո հնարավոր է՝ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր միջազգային հայցերից, եթե Ադրբեջանն էլ այդպես վարվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter