
Kursayin.am կայքը զարմացրել է Միչիգանի համալսարանի ասպիրանտին
Միչիգանի համալսարանի ասպիրանտ Ծովինար Տերտերյանը Երևանում տեսել է kursayin.am կայքի գովազդը: Ուսանողներին տարբեր գիտական աշխատանքներ առաջարկող այս կայքը նա օրինակ է բերում հայաստանյան բուհերի կրթության որակի մասին խոսելիս:
«Շատ տխուր է էստեղի վիճակը: Հայաստանում մի քանի առանձին երիտասարդ գիտնականների գիտեմ, որ շատ հետաքրքիր գործեր են անում, և երիտասարդների մեջ կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ ավելի լավ գիտնական լինեն: Բայց եթե խոսում ենք համակարգի մասին… Եթե ուսանողներն իրենք իրենց աշխատանքը չեն գրում, ուրեմն կրթություն չեն ստանում: Ես ամենաշատ բաներ սովորել եմ, երբ գրել եմ և երբ պատմել եմ: Խոսելն ու գրելը մարդուն մտածելու տեղիք են տալիս»,- ասում է Ծովինարը:
Նա միջազգային հարաբերություններ է սովորել Մասաչուսեթսի Թաֆթս համալսարանում: Հետո հետխորհրդային երկրների և տարածաշրջանի միջազգային քաղաքականության ոլորտում մագիստրոսի աստիճան է ստացել Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում: Իսկ երբ ավարտի Միչիգանի համալսարանի ասպիրանտուրան, կլինի պատմաբան-օսմանագետ: ԱՄՆ-ում ասպիրանտուրայում ուսուցումը տևում է 5-7 տարի:
Ծովինարի խոսքերով՝ ԱՄՆ-ում եթե պարզվի, որ որևէ գիտական աշխատանք ես գողացել, ուրիշից վերցրել կամ ուրիշին պատվիրել, ապա կարող ես հեռացվել բուհից կամ գոնե մեկ տարով զրկվել սովորելու հնարավորությունից: «Մինչև համալսարանի ռեկտորը այդ հարցը բարձրացվում է, ու ամեն տեղ հիշեցվում է, որ դա օրենքին դեմ բան է, որպեսզի ուսանողները իրոք վախենան դա անելուց»,- ասում է նա:
Ծովինարը չի բացառում, որ Միչիգանի համալսարանում էլ նման դեպքեր կարող են լինել, բայց կարծում է, որ մասշտաբները շատ ավելի փոքր են, քան Հայաստանում: ԱՄՆ-ում ուսանողները ձգտում են սովորել, նաև որովհետև իրենց ընտրած մասնագիտություններով աշխատելը հեռանկարային է:
Հայաստանյան բուհերի ռեկտորների կուսակցական լինելը Ծովինարը համարում է խնդրահարույց: Միչիգանի համալսարանն էլ է պետական բուհ, բայց դրա գործերում պետությունն ընդգրկվածություն չունի: Ծովինարին, ով նաև որպես դասախոսի օգնական «արաբների մշակույթ» առարկան է դասավանդում համալսարանում, ասել են, որ իրավունք չունի, օրինակ, բուհի տպիչը օգտագործել նյութեր տպելու քաղաքական արշավի համար, կամ իր կուսակցական կողմնորոշումներն արտահայտել լսարանում՝ ուսանողների առջև:
«Ես դա շատ ճիշտ եմ համարում, որովհետև չեմ ուզենա, որ ինչ-որ մի ուսանող վախենա արտահայտել իր մտքերը, քանի որ ես իր գնահատականն եմ նշանակում, հանկարծ չմտածի' «փորձեմ ավելի դուրեկան լինել իր կարծիքներին, որպեսզի ավելի բարձր գնահատական ստանամ»»,- ասում է Ծովինար Տերտերյանը:
ԱՄՆ-ում մի քանի հազար համալսարան կա, որոնցից ամենաառաջատարները 50-100-ն է: «Լավ կլիներ, որ գոնե 1-2 համալսարան Հայաստանում էլ այդ նույն մակարդակի լիներ, որովհետև, ասենք, Թուրքիայում գիտեմ, որ 1-2 համալսարան կա, որ արդեն միջազգային ստանդարտներին համապատասխանում է»,- ասում է Ծովինարը:
Միչիգանի համալսարանի բակալավրիատում հայաստանցի և սփյուռքահայ մոտ 50 ուսանող է սովորում: Նրանք ունեն իրենց հայկական միությունը, իսկ մագիստրոսներն ու ասպիրանտներն ավելի քիչ են, և կազմակերպված միություն չունեն:
Բուհում գործում են տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում նաև հայագիտության ծրագիր: Հայագիտություն են սովորում նաև այլազգիները: «Երևի Ամերիկայում կամ ամբողջ սփյուռքում ամենաշատ հայագետները Միչիգանի համալսարանում են, կարող է նույնքան' UCLA-ում (University of California, Los Angeles՝ Կալիֆորնիայի համալսարան), բայց չեմ կարծում, որ ուրիշ համալսարանում այդքան շատ հայագետներ լինեն»,- ասում է Ծովինարը:
Նա Միչիգանի համալսարանում ուսումնասիրում է 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի՝ Ռուսաստանին ու Պարսկաստանին սահմանամերձ տարածքներում հայերի ու քրդերի պատմությունը՝ շեշտը դնելով հողային հարցի վրա. ինչից է առաջացել հողային հարցը, հողի երկրագործական, տնտեսական, քաղաքական, իրավական, հոգեբանական ասպեկտները: Միաժամանակ Ծովինարը շեշտում է, որ 19-րդ դարի հայերը (այդ թվում նաև հայկական մամուլը) տարածքը անվանում էին ոչ թե Արևմտյան Հայաստան, այլ Օսմանյան Հայաստան, Թուրքական Հայաստան, Ռուսական Հայաստան:
«Հողային խնդիրը հեշտացրեց Ցեղասպանության իրականցումը, բայց որ դա սկիզբ էր Ցեղասպանության, չեմ համաձայնի»,- ասում է նա:
Այժմ Ծովինարը Էգեյան ծովի Ջունդա կղզում է, որտեղ առաջիկա շաբաթներին սովորելու է օսմաներեն (արաբատառ թուրքերեն): Կղզում ԱՄՆ Հարվարդի համալսարանը և Թուրքիայի Քոչ համալսարանն իրականացնում են օսմաներենի համատեղ դասընթացներ:
Այս ամառ հայագիտության ծրագրի շրջնակներում Ծովինարը Հայաստանում էր՝ ընդհանուր կարծիք կազմելու, թե իր հետազոտության համար պետքական ինչ նյութեր կան: «Բավական շատ բան կար, որը երկար ուսումնասիրության կարիք կունենա»,- ասում է նա: Ծովինարը ծրագրում է Հայաստան վերադառնալ հավանաբար 1 տարի անց և ավելի մանրամասն ուսումնասիրել գտած նյութերը:
Երևանում Ծովինարը եղել է Ազգային արխիվում, Ազգային գրադարանում, Մատենադարանում: 19-րդ դարի հայկական ամսագրերում, տեղեկագրերում նա հանդիպել է բնությունը, Վանի շրջանի տարբեր գյուղեր, եկեղեցիներ շատ մանրամասնորեն նկարագրող նյութերի: Ծովինարի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ հայերը նկարագրում էին մի բան, որն ունեին, դեռ չէին կորցրել:
«Դա է հետաքրքիրը: Միգուցե ուրիշ պատմաբաններ խոսել են, բայց ես դեռ չեմ գտել պատճառը՝ ինչու են գրել այդքան այդ տարածքների մասին, երբ դեռ իրենք այնտեղ էին ապրում: Ընդհանրապես գրում ես տարածքի մասին, երբ այլևս էնտեղ չեք, չէ՞: Կամ, ուզում էին ծանոթացնել տարածքը հայերի, որոնք չէին գտնվում այլևս այնտեղ: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հայերը լքել են տարածքը»,- ասում է Ծովինարը:
Գուցե այն ժամանակ արդեն մարդիկ ինչ-որ անկում էին տեսնում, լեզվի, հողերի կորուստ, հայերի հեռանալը Արևմտյան Հայաստանից: Մարդիկ կորցնում էին իրենց սեփականությունը, ֆիզիկական ապահովություն չկար: Ասպիրանտն այժմ ուսումնասիրում է այն պատճառները, որոնց հետևանքով հայերը 19-րդ դարի ընթացքում կորցնում էին իրենց հողն ու սեփականությունը:
«Հիմա էլ Հայաստանում ինչ-որ անկում ենք, չէ՞, տեսնում: Մարդիկ զգում են, որ կորցնում են ինչ-որ բան: Իմ կարծիքով, դրա համար բնության պահպանության համար շատ ակցիաներ են լինում և այլն»,- ասում է Ծովինարը:
Մինչ Հայաստան գալը նա Ստամբուլում էր: Այնտեղի Օսմանական արխիվներում և Ստամբուլի գրադարաններում ևս գտել է իր հետազոտությանն առնչվող բազմաթիվ նյութեր: Ի տարբերություն Երևանի արխիվների՝ Ստամբուլի արխիվներում կատալոգները (տվյալ մի խումբ փաստաթղթերի բովանդակության հակիրճ շարադրում) թվայնացված էին, ինչն ավելի հեշտացնում է տեղեկատվություն գտնելը: Մյուս տարի Ծովինարը հավանաբար նորից կգնա Ստամբուլ՝ շարունակելու ուսումնասիրությունը:
«Ոգևորողը այն է, որ գիտությամբ զբաղվելը տարբեր կոնտեքստներում ինձ շատ ավելի լայն մտածելու հնարավորություն է տալիս: Ինձ համար ինչ-որ գրասենյակում աշխատելը շատ ռոբոտային և մեխանիկական իրավիճակ կստեղծի»,- ասում է Ծովինար Տերտերյանը:
Նա հիշում է, որ Երևանում դպրոցում իրեն ուսուցիչն ասում էր, որ պատմությունը թվերի գիտություն է, և թվերը պետք է անգիր անել: Իսկ ԱՄՆ-ում ուսուցիչն ասում էր, որ պատմությունը տրամաբանության գիտություն է:
«Շատ մեծ տարբերություն կա այդ երկուսի մեջ, և հակված եմ երկրորդին: Պիտի հարցեր տրվեն ուղղակի: Պատմությունը տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է տալ: Կարող է 3-4 հոգի ներկա եղած լինի նույն իրադարձությանը, բայց բոլորը տարբեր մեկնաբանած լինեն: Ու այդ բոլորը պետք է ուսումնասիրվի»,- ասում է Ծովինարը:
Նա որպես մասնագիտություն է ընտրել պատմությունը, որպեսզի հասկանա, թե ինչու են մարդիկ և պետությունները վարվում այնպես, ինչպես վարվում են: «Ինձ համար ավելի կարևոր է բացատրել ինչու. ինչու այդ թվին, ինչու այդ մարդը, ինչու այդ դեպքը: Ինձ համար դա է պատմությունը, ոչ թե դեմքը, դեպքը և թիվը»,- ասում է Ծովինարը:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել