HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան վիրավորական է համարում ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատությունները

Մոսկվային մտահոգում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին Հայաստանի ղեկավարության ուլտիմատիվ և վիրավորական հռետորաբանությունը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնելու ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ՝ այս կամ այն միջազգային, տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել հակաարդյունավետ և ուլտիմատիվ, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է Կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում ու տառացիորեն սերմանվում է հայ հասարակության մեջ»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխության մասին՝ Զախարովան նշել է, որ «Երևանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններին»։

«Երևանի ներկայիս քաղաքական կուրսի շարունակումը կարող է ի վերջո անդառնալի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել Հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ոչնչացնել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, ազդել նրա առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Զախարովան դարձյալ հայտարարել է, թե ՌԴ ԱԳՆ-ն դիվանագիտական ալիքներով նման ծանուցում չի ստացել ու հավելել, որ սահմանապահների դուրսբերումը չի նպաստի Հայաստանի անվտանգության ապահովմանը։

«Մենք կարծում ենք, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական քննարկման արդյունքում և նախնական առումով կցանկանայինք նշել, որ հայկական կողմի հիշյալ հայտարարությունը արվել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հավաստիացումների մի ամբողջ շարքի ֆոնին։ Հազիվ թե նման նախաձեռնությունը բխում է Հայաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես հաշվի առնելով այն խնդիրները, որոնք ուս-ուսի տված երկար տարիներ արդյունավետ կերպով մշակել են ռուս և հայ սահմանապահները»,- հավելել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ համապատասխան ծանուցումը հայկական կողմն ուղարկել է «գերատեսչական գծով»։ «Դիվանագիտական ալիքներով մենք ոչինչ չենք ստացել»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter