
Ռուսական անօդաչուն հարձակվել է Սումիի բնակելի շենքերից մեկի վրա. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը մարտի 13-ի գիշերն անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզի վրա։ Մարզային իշխանությունները հայտնում են, որ անօդաչուներից մեկը հարվածել է հինգհարկանի բնակելի շենքին։ Ըստ առկա տվյալների՝ վնասվել է 30 բնակարան, որից 15-ն ավերվել է։
Սումիի մարզային զինվորական վարչակազմի տելեգրամյան ալիքում նշվում է, որ տեղի ժամանակով առավոտյան 07:00-ի դրությամբ փլատակների տակից հաջողվել է փրկել 10 մարդու, որից 8-ն ունեցել է բուժօգնության կարիք։
Ըստ հաղորդագրության՝ կան զոհեր, որոնց թիվը, սակայն, չի նշվում։ Փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Ուկրաինական լրատվամիջոցները փոխանցում են առնվազն 2 զոհի մասին։
Ռուսական զորքերն պարբերաբար հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքին, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այսպես, մարտի 12-ի երեկոյան Կրիվոյ Ռոգում հրթիռն ընկել էր բազմահարկ բնակելի շենքի վրա։ Մարտի 13-ի առավոտյան տվյալներով՝ զոհվել էր 4 մարդ։ Տուժածներից մեկը, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մահացել էր հիվանդանոցում։ 43 մարդ էլ, այդ թվում՝ 12 երեխա, վիրավորվել էին:
Լուսանկարը՝ nv.ua-ից
Մեկնաբանել