
Ռումինիայի նախագահը հավակնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել է իր թեկնածությունը։ Նա հավակնում է այդ պաշտոնում փոխարինել նորվեգացի Ենս Սթոլթենբերգին, որի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա աշնանը։ Իր թեկնածության առաջադրման մասին 64-ամյա ռումինացի գործիչը հայտարարել է մարտի 12-ին Բուխարեստում։
Նա հիշեցրել է, որ Ռումինիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցում է 2004 թվականից: «Հաշվի առնելով անվտանգության ոլորտում առկա իրավիճակը՝ մեր երկրի համար եկել է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու ժամանակը»,- կարծում է Ռումինիայի նախագահը:
Ըստ նրա՝ Ռումինիան, որը սահմանակից է Ուկրաինային, կարող է իր ներդրումն ունենալ նոր տեսլականի ձևավորման գործում՝ «ռուսական լուրջ և երկարաժամկետ սպառնալիքի ֆոնին»։
Ենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2014 թվականից: 2023 թվականի փետրվարին նա հայտարարել էր, որ չի ձգտի իր մանդատի հերթական երկարաձգմանը, քանի որ դա տեղի է ունեցել արդեն երեք անգամ։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկից հետո պաշտոնը լքելու անհնարինության պատճառով Սթոլթենբերգը նույնիսկ ստիպված էր եղել հրաժարվել Նորվեգական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց։ Վերջին անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը երկարաձգվել էր անցյալ տարվա հուլիսին Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ։ Սթոլթենբերգը կպաշտոնավարի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
Ներկայումս Սթոլթենբերգի ամենահավանական փոխարինողը համարվում է Նիդերլանդների վարչապետի պաշտոնը լքող Մարկ Ռյուտեն, որի թեկնածությանն աջակցում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն մերժում է Հունգարիան։ Արևելյան Եվրոպայի երկրներն աջակցում են Կլաուս Յոհաննիսի կամ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի թեկնածությանը։
Ինչպես սպասվում է, ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Որոշումը պետք է հաստատեն Դաշինքի բոլոր անդամները:
Լուսանկարը՝ Andrey Rudakov/Bloomberg
Մեկնաբանել