
Դեռևս հայտնի չէ, թե երբ Պուտինը կայցելի Թուրքիա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, դրանք օպերատիվ կերպով կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ռուսական ТАСС գործակալության հարցին։
«Այցը վաղուց է նախապատրաստվում։ Մենք էլ ենք սպասում այս այցին։ Սա կարևոր այց է, մենք սպասում ենք ռուս-թուրքական բարձր մակարդակի այդ շփումներին»,- նշել է Պեսկովը։ «Այս պահին այդ շփումների հստակ ժամկետներ մենք չունենք, դրանք շատ օպերատիվ կհամաձայնեցվեն դիվանագիտական ալիքներով»,- շարունակել է նա։
Խոսելով առաջիկա բանակցությունների թեմաների մասին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ «շատ են արդիական թեմաները»: «Դրանք նախ և առաջ մեր երկկողմ հարաբերություններն են, առևտրատնտեսական հարաբերությունները։ Կան շատ հարցեր, որոնք մեր պետությունների ղեկավարների ուշադրության կարիքն ունեն»,- նշել է նա։ Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, միջազգային և տարածաշրջանային հարցերը ևս կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների ուշադրության կենտրոնում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի մարտի 31-ին՝ Թուրքիայում մունիցիպալ ընտրություններից հետո:
Լուսանկարը՝ Gavriil Grigorov/AFP/Getty Images
Մեկնաբանել