
Բայդենը և Թրամփը հաղթել են ներկուսակցական ընտրություններում. նրանք կդառնան նախագահի հիմնական թեկնածուները
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների փրայմերիզները, այսինքն՝ ստացել են կուսակցությունից առաջադրման անհրաժեշտ թվով ձայները։ Այդ մասին փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ հենց Բայդենն ու Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կդառնան այս երկու կուսակցությունների թեկնածուները։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի թեկնածության առաջադրումը ձևականություն էր, քանի որ երկրի գործող առաջնորդը, որը որոշել է երկրորդ անգամ մասնակցել ընտրություններին, որպես կանոն, լուրջ մրցակցության չի բախվում:
Հանրապետականների մոտ առաջադրման համար պայքարը բավականին լուրջ էր, չնայած քարոզարշավի հենց սկզբից Թրամփը հսկայական առավելություն ուներ մյուս թեկնածուների նկատմամբ։ Իսկ նրա ամենամոտ մրցակիցը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, առաջադրվելու իրական հնարավորություն գրեթե չուներ էլ:
Երեքշաբթի օրը Հանրապետական կուսակցության փրայմերիզներն անցկացվել էին 4 նահանգներում՝ Ջորջիայում, Հավայան կղզիներում, ինչպես նաև Միսիսիպիում և Վաշինգտոնում:
Այն բանից հետո, երբ «սուպեր երեքշաբթիի» արդյունքներից հետո Նիքի Հեյլին դուրս եկավ ընտրարշավից, Թրամփին պակասում էր ընդամենը 137 պատվիրակի աջակցություն։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով ABC News-ին, նախկին նախագահն ստացավ անհրաժեշտ թվով ձայները՝ Վաշինգտոնում հաղթանակից հետո։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Լուսանկարները՝ AP Photo-ի
Մեկնաբանել