HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրախորհրդարանը Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև է ընդունել

Եվրախորհրդարանը երեկ երեկոյան 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև, որով կոչ է արվում ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ընդգծվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Բանաձևի ամենակարևոր կետն այն է, որ ԵՄ օրենսդիր մարմինն անդրադառնում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը և եվրոպական կառույցներին կոչ անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը:

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- արձանագրել է Եվրախորհրդարանը՝ ԵՄ գործադիր իշխանությանն առաջարկելով դիտարկել Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հնարավորությունը:

Եվրոպացի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին կոչ են անում ակտիվորեն աջակցել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև անվտանգային և քաղաքական երկխոսության։

Բանաձևով դատապարտվում է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և Հայաստանի որոշ հատվածների շարունակվող բռնազավթումը։ Եվրոպացի պատգամավորները վերահաստատել են Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու պահանջը։ Նրանք մտահոգություն են հայտնել նաև Ադրբեջանի նախագահի և պաշտոնատար այլ անձանց կողմից ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող արտաքին միջանցք պահանջելու վերաբերյալ։ 

Եվրոպացի պատգամավորներն այն համոզմանն են, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը պետք է կարգավորվի` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս բանաձևով նրանք ևս մեկ անգամ վերահաստատել են ԵՄ-ի միանշանակ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը և անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ջանքերը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել նաև «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերմանն ուղղված Հայաստանի գործողություններին։

Բանաձևում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կարևորությանը։ Մտահոգություն են հայտնել այդ ամենը ոչնչացնելու, վանդալիզմի ենթարկվելու և պղծելու առնչությամբ։ Եվրոպացի պատգամավորներն Ադրբեջանին կոչ են արել պահպանել մշակութային արժեքները, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում վերացման վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։

Բանաձևով եվրոպացի պատգամավորները Ադրբեջանին նաև կոչ են արել արցախահայության հետ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգումը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Արցախի և Հայաստանի` ադրբեջանական կալանքի տակ գտնվող բոլոր բնակիչներին։ Կոչ է արվել նաև անհապաղ և արդյունավետ կերպով իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները։

Եվրախորհրդարանի այս բանաձևն ունի միայն խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կատարման ենթակա չէ։ 

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter