
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարի հետ։ Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, քննարկման կենտրոնում եղել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորումը։
Ռուսական կողմը նշում է, որ համադրվել են տեսակետները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, «ընդգծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը ու դրան աջակցելը՝ նախ և առաջ տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»:
«Քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման, ներառյալ՝ դրա քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարը։ Ռուսական կողմից այդ համատեքստում նշվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից Կիևի ռեժիմին (ի նկատի ունեն Ուկրաինայի օրինական իշխանություններին` խմբ.) սպառազինության մատակարարումը դադարեցնելու, Ուկրաինայի ղեկավարության կողմից Ռուսաստանի հետ բանակցությունները մերժելու մոտեցումը վերացնելու, ինչպես նաև Կիևի կողմից աշխարհաքաղաքական նոր իրողությունների սթափ ընկալման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել