HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գետահովիտը կործանման եզրին է. SOS

«Վայ էն ապրելուն, որ ապրում ենք»

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի սողանքների մասին բազմիցս է խոսվել, սակայն խոսքից այն կողմ ոչինչ չի արվել: Ամիսներ առաջ համայնքապետ Սարգիս Ղազարյանը ՀՀ վարչապետին ուղարկած նամակում նշել էր, որ շուրջ 9 հեկտար մակերեսով սողանքային գոտում կյանքը վտանգելով ապրում է 90 ընտանիք, նրանց օգնել է պետք: Խնդրին անմիջապես արձագանքելու փոխարեն վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանալի սառնասրտությամբ հորդորել էր մինչև հարցի լուծումը սպասել ևս երկու-երեք տարի, այն դեպքում, երբ Գետահովիտում սողանքներն օր օրի ավելանում են: Ամեն վայրկյան սեփական տան փլատակների տակ հայտնվելու վտանգն աչքի առջև ունեցող մարդուն այսօրինակ հորդորն առնվազն ձեռ առնելու նման մի բան է:

Հուլիսի 9-ին գյուղում տեղացած հորդառատ անձրևը, ջրհեղեղն ու քամին բազմապատկել են գյուղի փլուզման վտանգը: Գետահովիտի համայնքապետ Սարգիս Ղազարյանը «Հայացք»-ի հետ զրույցում պատմեց, որ գյուղում քչից-շատից վերանորոգման աշխատանքներ էին արվել, սակայն այդ օրը տեղացած սարսափելի անձրևը, դրան հաջորդած ջրհեղեղն ամեն ինչ ավերեցին: «Օրվա երկրորդ կեսին տեղացած անձրևն ու քամին ու փոթորիկը ավերեցին տանիքները, գետնի պատռվածքներն ավելի խորացան, ճանապարհները դարձել են անանցանելի: Այդ օրը ո՛չ գազ ունեինք, ո՛չ հոսանք, արմատախիլ եղան հարյուրից ավելի ծառեր: Ջրհեղեղից տուժել է 780 տնտեսություն»,- պատմեց համայնքապետը: Տավուշի մարզպետարանի` տանիքների վերանորոգման համար տրամադրած 150-200 թիթեղը վերք չի բուժի, «բայց դե, նրա հնարավորությունն էլ էտ ա»:

- Համայնքի բյուջեն տարեկան 24 միլիոն դրամ է, այն էլ հազիվ աշխատավարձ ենք տալիս, մանկապարտեզ ու մշակույթի տուն ենք պահում: Կառավարությանը նամակ ենք ուղարկել, որ գոնե առավել ծանր դրության մեջ հայտնված 35 տնտեսության համար միջոցներ ձեռնարկեն: Պատասխանն եկել ա, թե մի երկու-երեք տարի յոլա գնացեք, մինչև ներառենք 2013-2015 թ. ծրագրում: Ի՞նչ է, իրենք չե՞ն հասկանում, որ տներն էդքան չեն դիմանա,- սրտնեղում է Ս. Ղազարյանը:

Գետահովիտում սողանքները հայտնվեցին 1988-ի երկրաշարժից հետո հին գերեզմանատան թաղամասում: Հետո դրանք տարիների ընթացքում, պաշտոնատար անձանց անտարբեր հայացքի առջև, նորանոր տարածքներ «նվաճեցին»: Չորս տարի առաջ ճապոնացի մասնագետները համայնքում ուսումնասիրություններ կատարեցին, «չափ ու ձև արեցին ու գնացին: Էն գնալն էր, որ գնացին, էլ ձեն-ձուն չկա»:

Համայնքապետի համոզմամբ` առավել վթարային տների բնակիչներին հարկավոր է տարհանել, նոր տուն կառուցելու համար հող հատկացնել կամ պետության աջակցությամբ բնակարաններ կառուցել:

- Գետահովիտում պանրի գործարան կար, վաճառվեց գյուղնախարարությանը, նրանք էլ եկան քանդեցին ու ավերակ թողնելով գնացին: Գոնե այդ շենքում կարելի է մարդկանց ժամանակավոր տեղավորել, մինչև հարցը լուծվի: Տեսնենք` կառավարությունը մեր նամակին երբ կպատասխանի,- ասում է Ս. Ղազարյանը:

2500 բնակիչ ունեցող Գետահովիտ համայնքն այս տարի «լքեց» 250-300 աշխատող ձեռք: Ապրուստը սուղ է, մարդիկ չեն կարողանում ընտանիք պահել: Տղամարդիկ աշխատանք փնտրելու հույսով մեկնել են «ռուսաստանները», մնացողներն էլ զբաղվում են անասնապահությամբ, ու վարուցանքով: Ստացած բերքը վաճառելով ու փոխանակելով մի կերպ ապրում են: Բայց «ամեն օր ահն աչքների առաջ ունեն, ապրելն էլ ապրելու նման չի»:

Մինչ Հայաստանի գողտրիկ հանգստավայրերից մեկը միջազգային ֆինանսական կենտրոն, իսկ մոծակների դեմ պայքարի շրջանակներում 50 մլն դրամ հատկացնելու արդյունքում Ջերմուկը միջազգային առողջարան դարձնող վարչապետի նյուվասյուկինյան ծրագրերն իրականություն դառնան, սողանքները կկործանեն գյուղացուն հողին քիչ թե շատ կապող հողատարածքները: Եզոպոսը կասեր. «Դե հիմա գնա ու խմիր ծովը»:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter