HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրադարանային ոլորտը մշակութային «ցնցումների» կարիք ունի

Մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

Այսօր մեկնարկեց Հայկական գրադարանային ասոցիացիայի հայտարարած Ազգային գրադարանայի շաբաթը: Տարին հոբելյանական է ասոցիացիայի համար, քանի որ լայնածավալ այս միջոցառումն անց է կացվում արդեն 10-րդ անգամ: Հայկական գրադարանային ասոցիացիային անդամագրվել են նաև ԼՂՀ գրադարաններ և Ազգային գրադարանային շաբաթն այս տարի կնշվի նաև Արցախում:

Նախորդ տարիներին Շաբաթն ունեցել է տարբեր կարգախոսներ` «Մեր ապագան կարդացող երեխան  է», «Գրադարան` քաղաքակրթությունների խաչմերուկ», «Գրադարան` գիտելիքի տուն», «Գրադարան` իմացության բանալի», «Հայացք գյուղի գրադարանին», «Խոնարհվիր գրքին, որ բարձրանաս նրանով» և այլն: Այս անգամ այն նվիրված է հայկական գրատպության 500-ամյակին և կրում է «Գրատպություն` գիտելիքի հավերժական ներկայություն» կարգախոսը: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորագիրը: Հանդիսավոր բացմանը բազմաբնույթ միջոցառումներով անդրադարձել է Ազգային գրադարանը:

Ազգային գրադարանային շաբաթը Ազգային գրադարանում մեկնարկեց գրադարանի օրհներգի հնչյունների ներքո /խոսք` Արմեն Բաղդասարյանի, երաժշտությունը` Աշոտ Աշիկյանի, կատարումը` ԵՊԿ երգչախմբի/: Շաբաթի հանդիսավոր բացման ժամանակ ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը խոսեց գրադարանների դերի, կարևորության մասին, հատկապես գյուղական վայրերում, որտեղ արդեն առկա է ոգու սովը, քանզի շատ համայնքապետեր փակում են գրադարանները` բնակչությանը զրկելով հոգեկան պահանջները բավարարելու իրավունքից, ի դեպ, նաև խախտելով ՏԻՄ մասին օրենքը, որտեղ հստակ նշված է. «Պահպանել և զարգացնել գրադարանները»:

Խոսելով շաբաթի կարգախոսի մասին` նա նշեց, որ պատահական չէ ընտրված այն, քանզի պատմական, հասարակական կյանքի թելադրանքով հայ գիրքը իր ճանապարհն սկսել է Հայաստանից դուրս. «Առաջին հայերեն գիրքը տպագրվել է Իտալիայում` Վենետիկում, առաջին պարբերականը` Հնդկաստանում` Մադրասում, առաջին քարտեզը` Համատարած աշխարհացույցը Ամստերդամում, և պահպանելով այս աշխարհագրությունը, մենք պետք է կարողանանք ներկայացնել այս երկրների հայկական տպագրության պատմությունը»:

«Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է` գրադարանների վրա հրավիրել հասարակության բոլոր շերտերի ուշադրությունը, որի դերը մեծ է քաղաքակիրթ քաղաքացի կրթելու գործում, գրադարանն է ձևավորում գրագետ, համաշխարհային քաղաքացու կարգավիճակ ունեցող ժողովուրդ, և շաբաթի նպատակն է` նրանց մեջ դաստիարակել գեղագիտությունը, հայրենասիրություն, մարդասիրությունը, բարոյական այն արժեքներըները, որոնք երբեմն, ցավոք, մնում են միայն որպես գաղափար: Մի գրչի հարվածով այսօր փակվում են շատ գրադարաններ: Շատերը գտնվում են շենքերի առաջին հարկերում և չեն հրապուրում ընթերցողներին: Մինչդեռ այն պետք է ունենա առանձին շենք, լռության գոտի լինի շուրջբոլորը, որտեղ մարդիկ պետք է պարապեն, ստեղծագործեն, գիտություն, տնտեսություն, մշակույթ ստեղծեն»,-նշեց Դ.Սարգսյանը:

Նա կոչ արեց գրադարաններին` Շաբաթը չդարձնել ինքնանպատակ, այլ այն ծառայեցնել գրադարանների խնդիրների լուծմանը. խնդիրներ դնել համապատասխան մարմինների առաջ, հակառակ դեպքում կկանգնենք արժեզրկման փաստի առաջ: Եզրափակելով իր խոսքը` Դ.Սարգսյանը նշեց, որ գրադարանային ոլորտը մշակութային «ցնցումների» կարիք ունի, որի համար անհրաժեշտ է ոչ միայն համայնքապետերի ուշադրությունը և հոգատարությունը, այլ նաև գրադարանավարների, գրադարանների պատասխանատուների ակտիվությունը:

ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը փաստեց, որ այսօր ՀՀ-ում փակվում են գրադարաններ և Հայկական գրադարանային ասոցիացիայի կարևոր խնդիրներից է` պահպանել գրադարանները: Նա փաստեց, որ Հայկական գրադարանային ասոցիացիան կարողացել է կանխել գրադարան փակելու մի քանի դեպք, երբ այդ մասին ահազանգել են, սակայն շատ դեպքերում այդ մասին գրադարանների պատասխանատուները տեղեկացնում են միայն փակելուց հետո:

Նա խոսեց նաև այն ցավոտ հարցի մասին, ըստ որի գյուղական գրադարանները շատ դեպքերում միացվում են դպրոցական գրադարաններին. «մինչդեռ դրանք տարբեր գործառույթներ ունեն»: Ռ.Ղազարյանը կոչ արեց գրադարանավարներին` լինել միասնական, միահամուռ ուժերով բարելավել գրադարանային ոլորտը:

ԱԳՇ բացման ժամանակ ներկաներին ողջունեց և շնորհավորեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Գրքի և ընթերցանության գործում ունեցած ավանդի համար նա ՀԳՄ պատվոգիր հանձնեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին և մի քանի գրադարանավարների: ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանն արժանացավ «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի պատվոգրին:

Ազգային գրադարանային շաբաթի բացումը ողջունեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն: Նա կարևորեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության և Հայաստանի Ազգային գրադարանի միջև համագործակցությունը, որի արդյունքում նոր գրականությամբ են համալրվում մարզային, գյուղական գրադարանները:

Ներկաներին շնորհավորեց Գյումրիի Հովհ.Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը, Աջափնյակի գրադարանի տնօրեն Գոհար Հակոբյանը:

Ելույթներին հաջորդեցին երաժշտական կատարումներ: Նույն օրը հանրությանը ներկայացվեց Հայաստանի Ազգային գրադարանի կայք-էջը` ավելի թարմացված, նորացված տեսքով: Կայքում արտացոլված են Ազգային գրադարանը` բաժիններն, իրենց գործառույթներով, գրադարանում տեղի ունեցող միջոցառումները, գրադարանային նորությունները, Հայ գրքի մատենագիտությունը, առանձին բաժնով ներկայացված է Շրջիկ գրադարանը` իր պատմությամբ, գործառույթներով: Ազգային գրադարանի մասին ամեն տեսակի ինֆորմացիա կարելի է ստանալ` այցելելով www.nla.am կայք-էջ:

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում գրադարանում բացվեց «Գրիգոր Խանջյանի արվեստը» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 20 միավոր գրքեր, հանդեսներ, ալբոմներ, վերատպություններ:

Նշենք, որ Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում վաղը Հայաստանի Ազգային գրադարանում կբացվի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես, տեղի կունենա Ասլան Ասլանյանի «Սայիադ – Նովա» գրքի շնորհանդեսը:

Ապրիլի 13-ին կբացվի նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի 70-ամյակին նվիրված ցուցահանդես, կլինեն երաժշտական լսումներ` նվիրված Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Ապրիլի 14-ին կբացվեն Գրիգոր Զոհրապի 150, Գարեգին Նժդեհի 125-ամյակներին նվիրված գրականության ցուցահանդեսները, տեղի կունենա Վահան Տերյանին նվիրված ցերեկույթ:

Ապրիլի 15-ին տեղի կունենա 1980-1995 թվերին Լոնդոնում Թեքեյան խնամակալ մարմնի հովանավորությամբ և դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի խմբագրությամբ հրատարակված «Էրեբունի» ազգային, մշակութային և հասարակական երկշաբաթաթերթի ամբողջական և հազվագյուտ համարներից բաղկացած հավաքածուի 5 հատորները անձնական նախաձեռնությամբ գրադարանին հանձնելու արարողությունը:

Ցերեկույթի ընթացքում անդրադարձ կլինի պարբերականի ծագմանն ու բովանդակությանը, ինչպես նաև 12 տարի անընդմեջ /1980-1992 թթ./ թերթի խմբագրական աշխատանքները սիրահոժար վարած դոկտ. Անդրեաս Ծուլիկյանի ազգային-հասարակական գործունեությանը: Նույն օրը Շրջիկ գրադարանով այցելություն կլինի Կոտայքի մարզի Չարենցավանի մարզային, Հրազդանի համայնքային գրադարաններ, Ազգային գրադարանը և Հայկական գրադարանային ասոցիացիան գրականություն կնվիրի գրադարաններին:

Ապրիլի 16-ին Ազգային գրադարանը կներկայացնի Հնդկաստանում տպագրված հայկական գրքեր և ամսագրեր, իսկ ապրիլի 18-ին Ազգային գրադարանում տեղի կունենա Ազգային գրադարանային շաբաթի փակումը: Այս մասին տեղեկացնում է Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter