
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը կտևի 3 օր՝ մարտի 15-17-ը։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում։ Քվեարկության հիմնական օր է համարվում կիրակին՝ մարտի 17-ը։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ռուսաստանում գործում է գրեթե 94 հազար ընտրատեղամաս, որոնք բաց կլինեն ամեն օր, տեղի ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ն։ Քվեարկության համար պատրաստվել է ավելի քան 113,5 միլիոն քվեաթերթիկ։
ՌԴ նախագահի ընտրություններն ընթանում են նաև Ղրիմում և Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ռուսական զինված ուժերի կողմից բռնազավթված տարածքներում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բռնազավթված տարածքներում բնակվող մարդկանց կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկությանը: Գերագույն Ռադան էլ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Ուկրաինայի բռնազավթված տարածքներում ընտրությունների անցկացումը:
Ընտրություններին մասնակցում է 4 թեկնածու։ Գործող նախագահ Վլադիմիր Պուտինն առաջադրվել է հինգերորդ ժամկետով։ Մյուս թեկնածուներն են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։
Պուտինի մրցակիցները նախընտրական քարոզարշավի ընթացքում հրաժարվել են նրան քննադատելուց։ Ռուսաստանի ԿԸՀ-ն ընտրություններից առաջ թույլ չէր տվել ընդդիմության որևէ ներկայացուցչի կամ հակապատերազմական դիրքորոշում ունեցող թեկնածուի մասնակցել ընտրություններին։
Պետական ծառայությունների սոցհարցումների համաձայն՝ Պուտինի օգտին մտադիր է քվեարկել ընտրողների ավելի քան 70 %-ը։ Meduza-ն էլ գրում է, որ Կրեմլի իր աղբյուրների փոխանցմամբ, ռուսական իշխանությունները մտադիր են Պուտինի համար ապահովել 80 %-ից ավելին։
Ընտրությունների առաջին արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի մարտի 17-ին Կալինինգրադում ընտրատեղամասերի փակումից հետո։
Լուսանկարը՝ Alexander Utkin/Getty Images
Մեկնաբանել