Հույս ունենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն. Վրաստանի ԱԳ նախարար
Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը, պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացում:
«Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակներս ձեռք կբերեն պայմանավորվածություններ և կստորագրեն խաղաղության պայմանագիր, որը շրջադարձային կլինի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- APA գործակալության փոխանցմամբ նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև եռակողմ համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որը ստացել է «Բաքվի հռչակագիր» անվանումը։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել