HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատավոր-քաղաքացի վեճը` Վճռաբեկ դատարանում

Երկու տարի առաջ Ստեփանավանի նախկին դատավոր` 28-ամյա Արման Թովմասյանն ու նույն քաղաքի հիվանդանոցի ֆինանսական տնօրեն` վանաձորցի 35-ամյա Աշոտ Հարությունյանը, մթերային խանութներից մեկում կցկտուր խոսակցություն էին ունեցել: Դատավորի`խանութից դուրս գալուց 2-3 րոպե հետո նրան էր հետևել Աշոտ Հարությունյանը և նկատել, որ դատավորը, մեքենայում նստած, շարժիչը միացրած, իրեն է սպասում: Մոտեցել էր նրա հետ խոսելու: Ասել էր`դու մեր շրջանի դատավորն ես, վերջինս կոպիտ կերպով պատասխանել էր`բա դու ով ես, ապա ավելացրել`քշիր հետևիցս, տեսնենք` դու ով ես, և մեքենան քշել էր Ստեփանավանի դատարան:

Աշոտ Հարությունյանն իր մեքենայով, որում նստած էր նաև գործընկերուհին`նույն հիվանդանոցի լաբորանտ Նունե Պառավյանը, հետևել էր դատավորին: Նրանք մտել էին դատարանի պահպանվող տարածք: Այդ պահին դարպասները բաց էին եղել, բայց հետո փակվել էին, և Հարությունյանն այլևս չէր կարողացել դուրս գալ: Նունե Պառավյանը մեքենայից ձայն էր տվել Աշոտ Հարությունյանին և խնդրել տուն տանել իրեն: Սկզբում դատավորն ու կարգադրիչները չէին համաձայնել, հետո դատավորն ասել էր`կնոջը տուն տար ու շուտ արի: Հարությունյանը Պառավյանին տուն էր տարել, սակայն կինը, վտանգ զգալով, չէր իջել մեքենայից և առաջարկել էր միջադեպը մոռանալու համար մի փոքր զբոսնել քաղաքում: Միակ ճանապարհով, որն անցնում է դատարանի կողքով, նրանք ուղևորվել էին քաղաքի կենտրոն:

Այդ պահին դատարանի տարածքից դուրս`փողոցի բանուկ մասում, նրանց դիմավորել էին դատարանի 4 կարգադրիչները: Նրանցից մեկն առաջարկել էր իջնել մեքենայից`խոսելու համար: Հարությունյանն սկզբում մերժել էր, բայց տեղեկանալով, որ դատարանի տարածքը նկարահանվում է, մտածված եկել կանգնել էր տեսախցիկների առաջ: Դատավորն էլ, իմանալով, որ Հարությունյանը եկել է, դուրս էր եկել դատարանից և մոտեցել նրանց:

«Հենց այդ պահին սկսվել էր իսկական խմբակային ծեծը. 5 հոգով հարձակվել էին Հարությունյանի վրա, խփել, գցել գետնին, անխնա ծեծել, հարվածել բռունցքներով ու ոտքերով: Պառավյանը, նկատելով սա, վախեցած դուրս էր եկել մեքենայից և սկսել բղավել ու սպառնալ, որ ոստիկան կկանչի: Կարգադրիչներից մեկը գոռացել էր նրա վրա`ասելով`նստիր մեքենան, թե չէ քեզ էլ կծեծենք: Տեսնելով, որ նա չի լռում, դադարեցրել էին ծեծը, և միայն դրանից հետո Հարությունյանն ու Պառավյանը կարողացել էին հեռանալ»,-նշված է վերջիններիս ցուցմունքներում:

Սակայն դեպքի հաջորդ օրը`առավոտ շուտ, Հարությունյանին էին ձերբակալել դատավորի`որպես իշխանության ներկայացուցչի`իր պաշտոնական գործունեությունը կատարելուն խոչընդոտելու կասկածանքով, իսկ երեք օր հետո նրան մեղադրանք էին առաջադրել Քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով: Գործի ամբողջ նախաքննությունն ընթացել է նշված հոդվածով առաջադրված մեղադրանքի սահմաններում, սակայն նախաքննության ավարտին Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով`խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանություն իրականացնող անձին դիմադրություն ցույց տալով:

«Դատավորը հաշվեհարդարի նպատակ է ունեցել և նախապես տղաներ է հավաքել»

Աշոտ Հարությունյանն ու փաստաբան Տիգրան Հայրապետյանը

Պաշտպանական կողմը մատնանշում է գործով հաստատված հետևյալ փաստերն ու վերլուծում դրանք: Աշոտ Հարությունյանը, մեքենայով մտնելով դատարանի պահպանվող տարածք, դիմել է դատավոր Թովմասյանին`ասելով`էս ուր բերիր ինձ: Սա հայտնել են թե դատավորը, թե տուժողներն իրենց ցուցմունքներում: Այս հանգամանքը հաստատում է, որ դատավորն է Հարությունյանին բերել դատարանի տարածք: Դարպասները փակվել և փակված են մնացել առնվազն 5 րոպե մինչև կարգադրիչների կողմից նորից բացվելը: Նշանակում է` Հարությունյանը, չունենալով դատարանի տարածքից դուրս գալու հնարավորություն, իր կամքից անկախ է գտնվել այնտեղ:

Այդ 5 րոպեների ընթացքում դատավորը չի բարձրացել իր աշխատասենյակ, նա ու Հարությունյանը խոսել են իրար հետ, այսինքն`խոսելու կամ պարզելու բան են ունեցել, և առաջին դրվագի միջադեպն ավարտվել է միայն այն բանից հետո, երբ որոշվել է Հարությունյանի կողմից կնոջը տուն տանելուց հետո կրկին հանդիպել: Դեպքից 10-15 րոպե առաջ դատավորն իր ձեռքի հեռախոսից զանգել է դատարանի`հերթապահություն իրականացնող կարգադրիչ, գործով տուժող Էդգար Չատինյանի ձեռքի հեռախոսին և նրա հետ խոսել մոտ 27 վայրկյան:

Եվ մինչ դատավորի` դատարան հասնելը Չատինյանն իր հերթին զանգել է այդ օրը ծառայության մեջ չգտնվող կարգադրիչ Ալբերտ Քոչարյանին ու տեղեկանալով, որ նրա հետ է նաև կարգադրիչ Արթուր Բուլղադարյանը, ասել է, որ դատավորը գալիս է, շտապ գան դատարան: Եվ երբ առաջին անգամ Հարությունյանը դատարանի տարածք է մուտք գործել, 4 կարգադրիչներն արդեն այնտեղ են եղել:

«Մինչև Հարությունյանի գալը կարգադրիչներն իմացել են, որ դատավորի հետ այլ անձ է լինելու, դրա համար էլ գիշերվա ժամը 23.30-ին իրենց տանից եկել են դատարանի տարածք և սպասել են դատավորին ու այդ անձին`Հարությունյանին: Այս փաստը հաստատում է, որ դատավորը հաշվեհարդարի նպատակ է ունեցել և նախապես հաշիվները պարզելու համար տղաներ է հավաքել»,-ասում է Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Կարգադրիչներն արգելանքի չեն վերցրել Հարությունյանին և ոստիկանությանը չեն հայտնել միջադեպի մասին ոչ առաջին, ոչ երկրորդ դրվագների ժամանակ, մինչդեռ պարտավոր էին դա անել ՀՀ դատական օրենսգրքի 218 հոդվածի 5-րդ մասի համաձայն:

Ավելին, երբ մոտ 10-15 րոպե հետո Հարությունյանը երկրորդ անգամ դատարան էր վերադարձել, կարգադրիչները դրսում էին եղել: «Այս հանգամանքը հաստատում է, որ կարգադրիչները չեն ցանկացել միջադեպի մասին հայտնել ոստիկանությանը: Նրանք չպարզված հարցեր են ունեցել Հարությունյանի հետ և սպասել են վերջինիս»,-ասում է փաստաբան Հայրապետյանը: Փաստ է նաև, որ միջադեպի ժամանակ դատարանի տարածքն  ամբողջովին նկարահանվել է, սակայն տեսախցիկները չեն առգրավվել և չեն հետազոտվել:

Չի կատարվել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն

Այս գործով նախաքննությունն ու դատաքննությունն «ակնհայտ կողմնակալ» ընթացք են ունեցել, ինչն էլ ազդել է գործով կայացված որոշման վրա. նշում է պաշտպանական կողմն ու ներկայացնում հիմնավորումներ: Նախ`գործը ՀՔԾ-ում քննելու փոխարեն`նախաքննությունն իրականացվել է Լոռու մարզի քննչական բաժնի կողմից, որն իրավասու չի եղել զբաղվելու այս գործով: Հետևաբար`նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, օրինական չլինելով, չէին կարող դրվել մեղադրանքի հիմքում: Նախաքննական մարմինը չի առգրավել Ստեփանավանի դատարանի տարածքը նկարահանող տեսախցիկների`դեպքը ֆիքսած էլեկտրոնային կրիչները, որոնք ամենաանհրաժեշտ ապացույցն էին գործի օբյեկտիվ քննության համար, քանի որ դրանցով հնարավոր կլիներ պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել դեպքի օրը:

Նախաքննության վերջում բացահայտվել է, որ մինչև դատավորի դատարան հասնելը կարգադրիչները զանգով արդեն այնտեղ են եղել: Մինչդեռ այս հանգամանքը քննության առարկա չի դարձել նախաքննական մարմնի կողմից: Սրա հետ կապված`բոլոր կարգադրիչները երկար ժամանակ ակնհայտ սուտ ցուցմունքներ են տվել, մի քանի անգամ փոխել են դրանք, և քննիչը պարտավոր էր քրեաիրավական գնահատական տալ սրան, ինչը չի արվել:

Գնահատական չի տրվել Հարությունյանի բազմաթիվ վնասվածքներին, չի պարզվել, թե ինչ պայմաններում են առաջացել դրանք: Խախտվել են վերջինիս ազատության, անձնական անձեռնմխելիության, պաշտպանության արդյունավետ միջոցներ ունենալու իրավունքները. նրան պահել են անազատության մեջ առնվազն 82.5 ժամ, այսինքն`սահմանվածից 10 ու կես ժամ ավել: Մեղադրանք առաջադրելու ժամանակ Հարությունյանը չի ունեցել պաշտպան:

Դեպքի կապակցությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Աշոտ Հարությունյանին` ՀՀ Քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտելով ազատազրկման, ապա համաներմամբ ազատելով պատժից: Խափանման միջոց է սահմանել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, մասնավորապես, հետևյալ հիմքերով. դատաքննության ժամանակ հետազոտվել է Հարությունյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ փորձագետի 2 եզրակացություն, բայց դատավճռում միայն մեկն է մատնանշվել է, այն էլ`առանց որևէ գնահատականի: Անտեսվել է դատաքննության ժամանակ հրավիրված փորձագետի ցուցմունքը, որին դատարանը նույնպես, նույնիսկ մեկ նախադասությամբ, չի անդրադարձել դատավճռում:

Անտեսվել է դատաքննության ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված Հարությունյանի վերնաշապիկի հետազոտությունը, որից երևում էր, որ դրա վրա ոտքի հետք է եղել, ինչն էլ հաստատում էր, որ Հարությունյանին հարվածել էին ոտքով կամ կանգնել էին նրա վրա: Մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը`դատաքննության ընթացքում դատարանը չի հրապարակել և որպես այլ փաստաթուղթ չի ճանաչել գործում առկա մի շարք փաստաթղթեր, ինչպես`հանցագործության մասին Աշոտ Հարությունյանի և նրա հոր հայտարարությունները, հաղորդումներն ու դիմում-բողոքները, մամուլի հրապարակումները, ըստ որոնց` դատավոր Թովմասյանը դատարանի 4 կարգադրիչների հետ կազմակերպել և խմբակային ծեծի է ենթարկել Աշոտ Հարությունյանին, իսկ հաջորդ օրը գործի իրական փաստերը և ապացույցները կեղծելու միջոցով սուտ մատնություն է կատարել`մեղադրելով նրան իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, իրավապաշտպան կազմակերպությունների դիմում-բողոքները, որոնցով հաստատվում է, որ դատավոր Թովմասյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների բացահայտ խախտում, իսկ կարգադրիչների գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական հասարակությունում իրավաչափության և համարժեքության չափանիշներին, և որ նրանք դատավորի ապօրինի կարգադրությունն են կատարել ոչ դատական գործունեության ընթացքում:

Դատավորի և կարգադրիչների ցուցմունքերում բացահայտ հակասությունների պայմաններում դատարանը նույնպես (ինչպես նախաքննական մարմինը) պարտավոր էր քրեական գործ հարուցել առնվազն երեք կարգադրիչների նկատմամբ`ակնհայտ սուտ ցուցմունք տալու փաստով, ինչը նույնպես չի արվել: Արդյունքում խախտվել են Սահմանադրության 18 և 19 հոդվածները, Կոնվենցիայի 6 և 13 հոդվածները, Քր. դատ. օր.-ի 358, 360, 365, 371 հոդվածների պահանջները, և բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան: Վերջինս էլ բողոքի 25 հիմքերից անդրադարձել է միայն 4-ին, որոնցից էլ պատճառաբանել է միայն մեկը, այն էլ`ոչ այն ենթատեքստով, որով վիճարկվել է:

Մնացած 24 հիմքերը`վերաքննիչ բողոքի 96 տոկոսը, քննության առարկա չեն դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից`խախտելով Քր. դատ. օր.-ի 385, 386, 393 հոդվածները: Առհասարակ խախտվել է ամբաստանյալի` Սահմանադրության 18, 19 հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված`արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալու, պատճառաբանված դատական ակտ ստանալու և դատական պաշտպանության իրավունքն ընդհանրապես:

«Եթե անձի փաստարկները չեն հերքվում առաջին ատյանի դատարանի կողմից, ինչպես նա կարող է դատավճիռը այդ հիմքերով բողոքարկել բարձր դատական ատյան»,-նշում է պաշտպան Տիգրան Հայրապետյանը: (Դատավճռում որևէ ձևով քննության առարկա չեն դարձվել Հարությունյանի ցուցմունքները. հնարավոր է`դրանք համապատասխանում էին իրականությանը, և գործի փաստերը հենց այնպիսին էին, ինչպես Հարությունյանի և Պառավյանի ցուցմունքերում է նշված):

Ներկայացված վճռաբեկ բողոքում նաև այս հարցն է բարձրացված. արդյոք դատարանը պարտավոր է դատավճռում անդրադառնալ պաշտպանական կողմի բոլոր հիմնավորումներին, առարկություններին, փաստարկումներին, հայտարարություններին, օրենքի վերլուծություններին, արարքի որակումներին, թե ոչ, և եթե Վերաքննչ դատարանը չի անդրադառնում վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին, արդյոք անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճիռը վերադաս դատարան բողոքարկելու իրավունքից, թե ոչ: Ուստի` բարձրացված հարցերի վերաբերյալ Քր. դատ. օր.-ի 190 հոդվածի 6-րդ մասի, Դատական օրենսգրքի 197, 203  հոդվածների մեկնաբանությամբ`սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter