
Ինչպես է Հայաստանը կատարում ՄԻԵԴ վճիռները. նախարարների կոմիտեի անդրադարձը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն այսօր հրապարակել է մարտի 12-14-ը Կոմիտեի նիստի ժամանակ ընդունված առանձին որոշումները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ: Կայացվել է 40 որոշում՝ 21 պետության վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի:
Նախարարների կոմիտեն անդրադարձ է կատարել 2004թ. ապրիլյան հանրահավաքներին մասնակցելու և նախագահական ընտրությունների իրադարձություններին ցուցաբերած ակտիվության համար Արարատի մարզի ոստիկանության կողմից ծեծի ենթարկված Գրիշա Վիրաբյանի գործին:
ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Գրիշա Վիրաբյանի գործի և դատարանում բողոքի քննության ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների, և պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել այդ ուղղությամբ, բացի այդ, չի իրականացվել արդյունավետ քննություն՝ Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառված խոշտանգումների կիրառման հիմքում քաղաքական դրդապատճառների առկայությունը պարզելու համար: Ի վերջո, ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել էր Գ. Վիրաբյանին փոխհատուցել 25 հազ. եվրո ոչ նյութական վնասի և 6000 եվրո՝ դատական ծախսերի համար:
Վերաբացված գործի քննության արդյունքում 2019թ. փետրվարի 22-ին առաջին ատյանի դատարանը երկու ոստիկանի մեղավոր է ճանաչել Գ.Վիրաբյանի նկատմամբ բռնությամբ ուղեկցվող պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ պատիժ չի նշանակվել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
Նախարարների կոմիտեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղավորները դատապարտվել են, թեև առանց պատիժ կրելու, համարել է, որ հետագա անհատական միջոցների անհրաժեշտություն չկա:
Նախարարների կոմիտեն անդրադարձել է նաև վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանների գործին, ովքեր մեղադրվել են իրենց դստեր համադասարանցու սպանության համար և դատապարտվել համապատասխանաբար 14 և 9տարի ազատազրկման: ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ մարզի և Վերաքննիչ դատարաններում գործի քննությունը տեղի են ունեցել մշտական սպառնալիքների մթնոլորտում։ Կիրառվել է ֆիզիկական բռնություն, որն ուղղված է եղել ամուսինների, նրանց ընտանիքի անդամների և փաստաբանի նկատմամբ։
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով Նալբանդյան ամուսիններին և նրանց աղջկան, որը նույնպես իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ենթարկվել էր բռնության, վճարել ընդհանուրը 62 հազ. եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում:
ՄԻԵԴ-ի վճռից հետո գործը վերաբացվել է: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2023թ. դեկտեմբերին Նալբանդյան ամուսինների վերաբերյալ կայացրել է արդարացման դատավճիռ:
Նախարարների կոմիտեն անդրադարձել է նաև Լևոն Գուլյանի սպանության գործին: 2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը որպես վկա կանչվել է ոստիկանություն: Նույն օրը նրա դիակը բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել էր ոստիկանության շենքի բակում: Նրա մահվան գործով ոչ ոք մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության։ Ըստ ոստիկանության վարկածի՝ Լևոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:
ՄԻԵԴ-ն այս գործով ևս Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ խախտվել է Լ. Գուլյանի կյանքի իրավունքը: Հայաստանին պարտավորեցրել էր ընտանիքին վճարել 50 հազ. եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Գործը վերաբացվել է, սակայն հարազատները դրանից հետո էլ դժգոհ էին կատարված քննությունից: Պնդում էին, որ քննությունը տարվում է միայն ինքնասպանության դրդելու վրա, սակայն դեպքերի այլ վարկածներ, օրինակ՝ հատկապես սպանությունը, չեն դիտարկել" Իշխանությունները չեն քննել Լեւոն Գուլյանին ապօրինաբար ոստիկանություն տանելու և այնտեղ պահելու փաստը, ինչպես նաև Լևոն Գուլյանի դեռևս ողջ եղած ժամանակ ստացած վնասվածքների ծագումը:
Ինչ վերաբերում է Նալբանդյանների ու Գուլյանի գործին, ապա Կոմիտեն վերահաստատել է իշխանություններին ուղղված իր կոչը՝ արագ ավարտելու այդ գործերով քննությունը և հանձնաժողովին տեղյակ պահել դրանց արդյունքների մասին: Մի քանի այլ գործերի ընթացքին Կոմիտեն կանդրադառնա առաջիկայում:
Կոմիտեն արձանագրել է, որ քրեական արդարադատության համակարգում օրենսդրական զարգացումների մասին իշխանությունները մանրամասն տեղեկություններ են փոխանցել: Մասնավորապես այն, որ 2021թ. ընդունվել են նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքեր: Կարևոր արձանագրումն այն է, որ նոր օրենսդրությունը բացառում է հայցային վաղեմության կիրառումը պետական ծառայողների կողմից իրականացված դաժան վերաբերմունքի նկատմամբ:
Մեկնաբանել