HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու ընտանիքի անդամները մոտ 608 մլն դրամ կվճարեն պետբյուջե

Այսօր Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատել է Գլխավոր դատախազության և Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի ու նրա ընտանիքի անդամների միջև կնքված հաշտության համաձայնագիրը։ Աբովյանները Հայաստանի սեփականությանը հանձնելու են 608 մլն 634 հազ․ դրամ։

Նշենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը 2023թ․ հունվարին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Տավուշի նախկին մարզպետի ու նրա ընտանիքի անդամների՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։

Դատաքննության ընթացքում կողմերը դատարանին ներկայացրել են դիմում՝ հաշտության համաձայնություն հաստատելու մասին։ Քանի որ նախկին մարզպետի ընտանիքի անդամները դատարանին ներկայացրել են իրենց օրինական եկամուտները հիմնավորող ապացույցներ, դատախազությունը փոխել է հայցի հիմքն ու առարկան։ 

Մասնավորապես՝ Հովիկ Աբովյանից ենթակա է բռնագանձման «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասի մի մասը՝ 25 մլն 145 հազ․ 870 դրամ շուկայական արժեքով։

Նախկին մարզպետից ու կնոջից՝ Աննա Ազատյանից, բռնագանձման ենթակա են Արաբկիր համայնքի Վրացական փողոցի 10-րդ շենքում գտնվող երկու բնակարաների բաժնեմասերը, անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը՝ 57 մլն 392 հազ․ դրամ։

Բռնագանձման ենթակա է նաև Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի անշարժ գույքի բաժնեմասը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 54 մլն 930 հազ․ դրամ։ Նույն փողոցի հարևանությամբ գտնվող երկու գազալցակայաններից յուրաքանչյուրի ½-րդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 320 մլն 550 հազ․ դրամ։ 

Բռնագանձման ենթակա է նաև Տավուշի մարզի Պտղավան համայնքում գտնվող անշարժ գույքի մի մասը, որի շուկայական արժեքը 87 մլն 933 հազ․ դրամ է, ինչպես նաև՝ Բագրատաշեն գյուղում գտնվող հողամասի շուկայական արժեքը՝ 20 մլն 300 հազ․ դրամ։

Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա է նաև «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենայի միջին շուկայական արժեքը՝ 17 մլն 100 հազ․ դրամ։

Որպես ապօրինի գույք, բռնագանձման ենթակա է նաև 2008-2021թթ․ օրինական եկամուտներով չհիմնավորված 271 մլն 728 հազ․ դրամ։

Տավուշի նախկին մարզպետի զավակներից՝ Աշոտ և Անուշ  Աբովյաններից բռնագանձման ենթակա է Պտղավան գյուղում գտնվող բենզալցակայանը, որի շուկայական արժեքը 8 մլն 500 հազ․ դրամ է, ինչպես նաև՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի ավտոմեքենայի մի մասը, որի շուկայական արժեքը կազմում է 2 մլն 944 հազ․ 500 դրամ։

Այսինքն՝ բռնագանձման ենթակա գույքի միջին շուկայական արժեքը մոտ 584 մլն 795 հազ․ դրամ է, իսկ դրամային պահանջը՝ 271 մլն 728 հազ․ դրամ, ընդհանուրը՝ 856 մլն 523 հազ․ դրամ։ Այդ գումարի 75․84% տոկոսը կազմում է 608 մլն 634 հազ․ դրամ։

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համաձայն՝ հաշտության համաձայնությամբ չի կարող սահմանվել հօգուտ Հայաստանի Հանրապետության գույքի փոխանցման ավելի ցածր չափ, քան ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը։

Կողմերը պայմանավորվել են, որ հաշտության համաձայնությունը հաստատելուց վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Տավուշի նախկին մարզպետն ու ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու են 608 մլն 634 հազ․ դրամ։ Գումարը փոխանցվելու է փուլ առ փուլ՝ 18 ամսվա ընթացքում։

Քաղաքացիական գործով պետական տուրքը կազմում է 7 մլն 65 հազ․ դրամ, որից 3 մլն 533 հազ․ դրամը վճարելու են Աբովյանները։

Գլխավոր լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter