
Եվրամիությունը 5 միլիարդ եվրոյով կընդլայնի Ուկրաինային աջակցությունը
Եվրամիությունը ևս 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Համապատասխան որոշումը ԵՄ արտաքին գործերի խորհուրդն ընդունել է մարտի 18-ին։
Բրյուսելը պարզաբանել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական առաստաղը կավելանա 5 միլիարդ եվրոյով։ Այդ միջոցները կներառվեն Ուկրաինայի համար հատուկ ստեղծված օգնության հիմնադրամի հաշվին։
«ԵՄ-ն կատարում է իր պարտավորությունները»,- ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԵՄ խորհրդում էլ նշել են, որ Ուկրաինայի օգնության հիմնադրամը Բրյուսելին թույլ կտա աջակցել ուկրաինական բանակի աճող պահանջներին՝ նրան տրամադրելով մահացու և ոչ մահացու սպառազինություն, ինչպես նաև վերապատրաստել ուկրաինացի զինծառայողներին: Բրյուսելում հավելել են, որ նոր հիմնադրամը կկենտրոնանա եվրոպական և նորվեգական պաշտպանական արդյունաբերությունից համատեղ գնումների ավելացման վրա։
Լուսանկարը՝ Adobestock-ից
Մեկնաբանել