
«Ոսկե ծիրան». ԱՊՀ ծրագրում՝ «Տունդրայի շունչը»
Վավերագրական կինոն ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր շատ քիչ սպառում ունի. «Հետքին» ասում է կինոքննադատ Եկատերինա Վիզգալովան, ով արդեն երկրորդ տարին է, ինչ համագործակցում է«Ոսկե ծիրանի» հետ:
«Բայց ես շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմին ներկա էին ոչ միայն այն մարդիկ, որոնց ես անձամբ հրավիրել էի»,- ասում է նա:
Բացի կինոքննադատ լինելուց, Վիզգալովան փորձեր է անում կինոյի աշխարհում և այս տարի արտամրցույթային՝ ԱՊՀ ծրագրերի շրջանակներում ցուցադրվում էր «Տունդրայի շունչը» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերը հենց նա է:
Վավերագրական ֆիլմերի այցելությունները մեր մոտ ամենասակավաթիվն են, սակայն Մոսկվա կինոթատրոնի վիդեոսրահում մոտ 20 մարդ կար:
Եկատերինան «Ոսկե ծիրանի» հետ սկսել է համագործակցել Սերգեյ Լոզնիցայի խորհրդով:
«Նա չգիտի, որ, ընդհանրապես ասած, կինո մուտք եմ գործել նրա ազցդեցությամբ,- ասում է նա,- իսկ «Տունդրայի շունչը» իմ առաջին աշխատանքն է որպես պրոդյուսեր: Այս ոլորտ ես մուտք եմ գործել մոտ 1.5 տարի առաջ»:
«Տունդրայի շունչը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է բնության մի կորսված անկյան մասին, որտեղ կյանք կա և մարդիկ, որոնք ապրում են իրենց կյանքով: Այն նկարահանված է ՌԴ հյուսիսում գտնվող Յամալի թերակղզու վրա և կառուցված է պատկերների հաջորդականությամբ, որոնք դիտողին են փոխանցում տունդրայի մասին տեղեկություններ:
«Մենք գնացինք տունդրա լրիվ ուրիշ ֆիլմ նկարելու համար,- պատմում է Եկատերինան,-բայց մենք ազատ ժամանակ ունեինք և ցանկություն առաջացավ նկարել ինչ-որ բան հոգու համար: Այն, ինչ պիտի նկարեինք՝ մեզ այնքան էլ հետաքրքիր չէր, սակայն մեզ հետաքրքրեց վիզուալ կինո նկարել»:
Պրոդյուսերն ասում է, որ վիզուալ կինոն չպետք է որևէ միտք պարտադրի. այն դիտողին ինչ-որ մթնոլորտի մեջ ներգրավելու հնարավորություն պետք է ընձեռի, որպեսզի նա ինքը ստեղծի կինո իր մեջ:
«Դու նայում ես, ինչ-որ պատկեր է քո մոտ առաջանում, և կինոն արդեն ստեղծվում է քո մեջ,- ասում է նա,- Դա իմ ու ռեժիսորի մոտեցումն է, և մենք կարծում ենք, որ այդպիսի կինո պետք է լինի»:
Ֆիլմը էտնոգրաֆիկ չէ, այն չի ներկայացնում տունդրայի այդ հատվածում ապրող մարդկանց կյանքը, պարզապես իրար հաջորդող պատկերների միջոցով ցույց է տրվում տունդրան որպես մի ամբողջություն: «Այնտեղ կարծես ամեն ինչ շնչեր. մարդիկ, կենդանիները, առարկաները»,- ասում է Եկատերինան:
«Տունդրայի շունչը» առաջին անգամ է ցուցադրվում մեծ էկրանին, և Եկատերինան ինքը առաջին անգամն էր տեսնում այն:
«Առաջին միտքը, որ եկավ ֆիլմն ավարտելուն պես այն էր, որ ուղարկենք «Ոսկե ծիրան»,- ասում է Եկատերինանա,- որովհետև նախորդ տարի ես եղել էի այստեղ և հասկացել, որ հայերը սիրում են այն, ինչ գեղեցիկ է. նրանք զգում են գեղեցիկը»:
ԱՊՀ ծրագիրը առաջին անգամ մեկնարկել է 2011թ. և նախորդ տարվա տասը ֆիլմի փոխարեն, այս տարի ծրագրում ընդգրկաված է քսան ֆիլմ:
Մեկնաբանել