HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքներում բնակիչներն ակնահաճո ու ստեղծագործ միջավայր են ուզում տեսնել

Այս տարի առաջին անգամ կառավարությունը որոշեց կիրառել տեղական ինքնակառավարման կարևոր սկզբունքներից մեկը՝ բնակիչների մասնակցությունը համայնքի կառավարմանը։ Փորձարարական ծրագրում ընդգրկվեցին Աշտարակ, Արմավիր, Ջերմուկ և Աբովյան համայնքները։ Որոշվեց, որ այս չորս համայնքներում սուբվենցիոն ծրագրեր պետք է առաջարկեն ոչ թե համայնքների ղեկավարները, ինչպես ՏԻՄ օրենքի պահանջը շրջանցելով արվել է մինչ օրս, այլ՝ բնակիչները։ 

Աշտարակը փորձարարական ծրագրում ընդգրկված չորս համայնքներից միակն է, որն անհամեմատ մեծ թվով ծրագրային առաջարկներ է ստացել բնակիչներից։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովելու նպատակով համայնքի ղեկավարի որոշումով ձևավորված հանձնաժողովը 46 առաջարկներից ընդունելի է համարել 11–ը։ Դրանք տեղադրվել են համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ ծրագրերի իրագործման առաջնահերթությունը քվեարկությամբ որոշելու համար։ Առավելագույն քվեներ են ստացել այս 4 ծրագրերը, որոնք հանձնաժողովը ներկայացրել է ավագանու հաստատմանը։ 

  • 1891 - խաղահրապարակների կառուցում
  • 1786 - ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում
  • 940 -Աշտարակ համայնքի Ուշի և Բազմաղբյուր բնակավայրերում աղբամանների տեղադրում
  • 907 -Նոր Ամանոս բնակավայրի դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում

Ինչ խոսք, 32 բնակավայրով միավորված, 75 750 բնակիչ ունեցող Աշտարակ համայնքի համար քվեարկության մասնակիցների թիվը՝ մոտ 5000, չափազանց փոքր է։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ Աշտարակը փորձարարական ծրագրի չորս համայնքներից միակն է, որում ընդգրկված գյուղերն ամենաակտիվն են եղել սուբվենցիոն ծրագրի առաջարկներ ներկայացնելու հարցում։ Որոշ գյուղեր անգամ մեկից ավելի առաջարկ–նախագիծ են ներկայացրել։ 

Հանձնաժողովը 36 առաջարկ մերժել է սուբվենցիոն ծրագրերի ընտրության համար սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Առաջարկների հեղինակներին տեղեկացրել են, որ դրանց մի մասն իրականացվելու է այլ ծրագրի շրջանակում, մի քանիսի իրագործումը հնարավոր չէ ծրագրերի համար սահմանված մեկ տարի ժամկետում, առաջարկներից մի քանիսը կրկնվել են և այլն։ 

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում իր ստանձնած պարտավորությունը՝ «Հայաստանի Հանրապետության 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, իրագործելու համար կառավարությունը 2023թ․ նոյեմբերին նոր որոշում ընդունեց։ Աշտարակ, Արմավիր, Ջերմուկ և Աբովյան համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացը խթանելու նպատակով  2024թ․ պետական բյուջեից 500 մլն դրամ հատկացվեց։ Յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար համայնքը հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20%-ի չափով ֆինանսական ներդրում պետք է կատարի։

Համայնքապետարանի աշխատակիցներից, վարչական ղեկավարներից, ավագանու անդամներից և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովները մասնակցային բյուջետավորման ողջ գործընթացի պատասխանատուն դարձան։  

Առաջարկների ընտրության համար սահմանվել են չափորոշիչներ՝ ծրագրերը պետք է առաջարկեն համայնքի բնակիչները, դրանք պետք է իրականացվեն համայնքի տարածքում, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում լինեն, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախահաշվային գինը չպետք է գերազանցի մասնակցային բյուջետավորման համար ավագանու հատկացրած առավելագույն գումարը, նախագիծը համայնքի զարգացման ծրագրերում կամ տարվա բյուջեում չպետք է ներառված լինի, մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերը պետք է իրականացվեն 2024թ․ բյուջետային տարվա ընթացքում և այլն։ Հաղթող են համարվում այն առաջարկները, որոնց օգտին քվեարկել է քվեարկության մասնակիցների առնվազն 1%–ը։ 

Համայնքներում մասնակցային բյուջետավորմանն աջակցելու համար ՏԿԵ նախարարությունը մշակել է «Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց»։ Համայնքներում փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքներին ներգրավվել են ՏԿԵ և ֆինանսների նախարարությունների աշխատակիցները։ Նրանք մասնակցել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար քաղաքացիների ներկայացրած առաջարկ-նախագծերի հանրային քննարկումներին: Նշված համայնքների պաշտոնական կայքերը լրացվել են նոր գործիքով, իրազեկման արշավի համար օգտագործվել են համայնքապետարանների ֆեյսբուք սոցիալական ցանցի էջերը։ Բնակչությանն իրազեկելու և նրանց մասնակցությունն ապահովելու համար ներգրավվել են միջազգային և տեղական կազմակերպություններ։    

ՏԿԵՆ–ը տեղեկացնում է, որ Արմավիր համայնքում հանրային քննարկմանն առցանց էլեկտրոնային հարթակի միջոցով  միացել էին նաև ՌԴ ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի (НИФИ) փորձագետներ։ Նրանք ներկայացրել են միջազգային պրակտիկայում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերին առնչվող փորձը: Ռուս փորձագետների հետ քննարկել են նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետությունը, առավելությունները, ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, կազմակերպվել է արդյունավետ խորհրդատվություն: 

Համայնքային կայքերը սպասարկող «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ–ն (ՏՀԶՎԿ) փորձարարական ծրագրում ընդգրկված չորս համայնքների համար նոր էլեկտրոնային գործիք է մշակել՝ «Մասնակցային բյուջետավորում–2024»։ Այստեղ տեղադրվել են տեղական ինքնակառավարման մարմինների և հանձնաժողովի որոշումներն ու արձանագրությունները, գործողությունների ծրագիրն ու ժամանակացույցը, բնակիչների առաջարկները, քվեարկության դրված նախագծերը և քվեարկության արդյունքները։ 

ՏՀԶՎԿ կազմակերպության նախագահ Գրիշա Խաչատրյանն ասում է, որ բնակիչներն այս տարի համեմատաբար ակտիվ են եղել, Աշտարակում, օրինակ, համայնքային ծրագրերի քվեարկությանը 5000 հոգի է մասնակցել։ Նրա ասելով՝ կազմակերպության խնդիրը քվեարկության արդարացիությունն ապահովելն էր, որպեսզի գործընթացի մասնակիցները բացառապես համայնքի բնակիչները լինեն՝ ծրագրային առաջարկները նրանք ներկայացնեն և քվեարկեն 16 տարին լրացած համայնքի բնակիչները։ Մասնակիցները կարող էին քվեարկել մինչև երեք առաջարկի համար: 

«Այս էլեկտրոնային գործիքն ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը: Առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Քվեարկելու համար բնակիչները պետք է գրանցվեն համակարգում, որից հետո նրանց տվյալները նույնականացվում են և հաստատվելուց հետո քվեարկում են»,– հայտնեց պրն Խաչատրյանը։ 

Անձանց նույնականացնելու գործընթացը փոքր–ինչ դժվարացնում է բնակիչների մասնակցությունը։ Գրիշա Խաչատրյանը բացատրում է, որ նույնականացումը հեշտացնող լուծումներ գտնելու համար ժամանակը շատ կարճ է եղել։ Կարծում է, որ հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի իրագործման ժամանակ ավտոմատ նույնականացման հարցը կլուծեն։ 

Ամենակարևորի մասին․ ինչպիսի՞ համայնքում են ուզում ապրել մարդիկ 

Ջերմուկ համայնքը սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու 12 ծրագրային առաջարկ է ստացել։ Դրանց մեջ գերիշողը կանաչապատ, բարեկարգ, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ժամանցի կենտրոններն են, քննարկումների համար միջավայր ապահովող առաջարկները։ Դրանք արդեն իսկ դուրս են այն ստանդարտից, որը տարիներ շարունակ ներկայացնում են բնակիչների անունից։ 

Հանձնաժողովը սահմանված չափանիշներին համապատասխանող է համարել առաջարկներից 7–ը, որոնք դրվել են քվեարկության։ Քվեարկության մասնակիցների թիվը մեծ չէ, կարծիքներ գրեթե չկան կայքում, որոնք կհիմնավորեին այս կամ այն առաջարկի կարևորությունը: Մեծամասնությունը քվեարկել է ներկայացված երեք առաջարկի օգտին․

Կինոդիտման և սեմինարի տարածք․ Ջերմուկի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկները, հատկապես ամռան ամիսներին, ունեն ժամանցի ապահովման կարիք։ Անհրաժեշտ է տարածք, որտեղ Ջերմուկ համայնքի բնակիչների և հանգստացողների համար կկազմակերպվեն կինոդիտումներ, կանցկացվեն բացօթյա դասընթացներ, քննարկումներ, քաղաքային միջոցառումներ։ Ձեռք բերելով տարածքը և անհրաժեշտ գույքը, ամռան ամիսներին նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարներ դպրոցահասակ երեխաների համար, նաև՝ դասապատրաստումներ, գրքերի ու ֆիլմերի քննարկումներ։ 

Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում․ Գնդեվազ բնակավայրի մի մասը (շուրջ 60 տնտեսություն) սնուցվում է Ջերմուկ համայնքի «Տաք ջրեր» կոչվող տեղանքից եկող ջրով: Ջրամատակարարման խողովակաշարի 2 կմ հատվածը խիստ վնասված է: Մեր ներկայացրած ծրագրով առաջարկվում է խողովակաշարի վնասված հատվածները փոխարինել ժամանակակից պլաստմասե խողովակով: Արդյունքում խմելու ջրի մատակարարումը բնակավայր կկարգավորվի, և ջուրը կհամապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:

Կավը մաքրում է հոգին․ Կավի հետ շփումը բուժման թերապիա է, որը մարդուն ազատում է հոգեկան լարվածությունից և օգնում արտահայտել հույզերն ու ապրումները։ Ծրագրի շրջանականերում բացված այս կավագործության արհեստանոցը հնարավորություն կտա երեխաներին սովորելու խեցեգործության հմտություններ, ծանոթանալու մեր ազգային ու մշակութային արժեքներին։ Քաղաք այցելող զբոսաշրջիկները կարող են մասնակցել վարպետաց դասերի, ցուցահանդես–վաճառքների, տեղում կազմակերպվող մշակութային միջոցառումներին։ Այսպիսով, ծրագիրը կնպաստի համայնքի զարգացմանն ու ակտիվացմանը, նաև բյուջետային մուտքեր կապահովի։

Համայնքապետարանը բնակիչներին տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած ծրագիրը՝ «Կինոդիտման և սեմինարի տարածքի կառուցում և կահավորում», իրականացվելու է Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) համաֆինանսավորմամբ:

Աբովյան համայնքում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով 2024թ․ պետական բյուջեից Աբովյան համայնքին կտրամադրվի մոտ 140 մլն դրամ, Աբովյան համայնքի բյուջեից համաֆինանսավորումը կազմում է մոտ 28 մլն դրամ։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն 167 մլն դրամ է։ 

Համայնքի մեջ մտնող 11 բնակավայրերից 12 ծրագրային առաջարկ է ներկայացվել, հիմնականում ակտիվություն են ցուցաբերել Աբովյան քաղաքի բնակիչները։ Մեկ առաջարկ ներկայացվել է Առինջ գյուղից, երկու առաջարկ՝ Պտղնի գյուղից, որտեղ ցանկացել են կանաչապատել կենտրոնական ճանապարհները և վերանորոգել Պտղնի գյուղի մշակույթի տունը։ Բնակիչների ներկայացրած 12 առաջարկներից քվեարկության է դրվել 9–ը, որից հաղթող են ճանաչվել հետևյալ երեք առաջարկները․ 

Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում․ Գեղաշեն և Կամարիս բնակավայրում ոռոգման ջրի հարցը լուծելու նպատակով առաջարկում են վերանորոգել «Կոտայք» ՋՕԸ-ից բնակավայրեր եկող ոռոգման համակարգը: Բարձր դիրքի պատճառով ջուրն ինքնահոս եղանակով հնարավոր չէ հասցնել Գեղաշեն բնակավայր, ինչի հետևանքով և՛ Կամարիսում, և՛ Գեղաշենում գյուղատնտեսական և կանաչապատման աշխատանքներ չեն իրականացվում։ Ոռոգման համակարգի վերանորոգման շնորհիվ չմշակվող հողատարածքները (Գեղաշենում՝ 400-500 հա, Կամարիսում՝ 200-300 հա) կդառնան մշակելի և եկամտաբեր, որից Գեղաշենում կօգտվեն 900-ից ավելի, իսկ Կամարիսում՝ 400-ից ավելի տնտեսություններ: Կհիմնվեն ինտենսիվ պտղատու այգիներ, ջերմատներ, ծխախոտի ցանքատարածքներ և այլն:

Թենիսի կորտեր․ թենիսի կորտերը կնպաստի համայնքի երիտասարդների ակտիվ ժամանցի կազմակերպմանը, կխթանի առողջ ապրելակերպը։ Աբովյան քաղաքը կունենա երիտասարդների համար հետաքրքիր ժամանցի վայր։

Երգող շատրվաններ և ժամանցի վայր․ կունենանք ևս մեկ սիրված, իր տեսակով տարբերվող այգի Աբովյանում, ամռան շոգ օրերին այն բնակիչների սիրելի վայրը կդառնա։ Առաջարկում եմ համայնքապետարանի դիմահայաց հատվածում, որտեղ կան հնացած շատրվաններ կամ Աբովյան քաղաքի մեկ այլ հարմար վայրում, կառուցել մեծ ջրավազան և տեղադրել երգող շատրվաններ։ Ավազանին մոտ տարածքում տեղադրել գետնից բխող այլ տեսակի շատրվաններ, որոնց միջով մարդիկ կարող են անցնել։ Ավազանի շուրջ տեղադրել նստարաններ և բարեկարգել տարածքը։ 

Հանձնաժողովը քննարկել է Աբովյան քաղաքում ժամանցային և մարզական այգիների, թենիսի կորտերի համատեղ կառուցման հնարավորությունը, որպես մեկ բազմաֆունկցիոնալ այգի:         

Արմավիր համայնքին մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 2024թ․ պետական բյուջեից կտրամադրվի 145 մլն դրամ։ Համայնքի 2024թ․-ի բյուջեից համաֆինանսավորումը կկազմի 24 մլն դրամ։ 

Փորձարարական ծրագրում ընդգրկված համայնքներից ամենաքիչ առաջարկներ ստացել է Արմավիրը՝ ընդամենը 5։ Մինչդեռ Արմավիր համայնքում 11 բնակավայր է միավորված։ 5 առաջարկից մեկը չի ընդունվել, քանի որ դրա իրագործումը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակից դուրս էր։ Քվեարկության դրված չորս առաջարկ–նախագծերից 1% քվե են ստացել հետևյալ երեք նախագծերը՝

  • Արմավիրի համայնքապետարանին հարակից տարածքում ժամանակակից լուծումներով այգու կառուցում։
  • Լենուղի գյուղի վարչական նստավայրի մասնակի հիմնանորոգում։
  • Մյասնիկյան գյուղի մշակույթի տան դիմացի փոքր այգու և ճեմուղու հիմնանորոգում։ 

Արմավիր համայնքն ունի 65 515 բնակիչ, առաջարկներից առավելագույն ձայն ստացած նախագծին կողմ է քվեարկել 1082 մարդ, որը չափազանց ցածր ցուցանիշ է։ 

Արմավիրում մասնակցային բյուջետավորման քարոզարշավին միացել էր նաև տեղական «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ  իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպությունը հանրային քննարկումներ է կազմակերպել համայնքի Արմավիր, Սարդարապատ և Մյասնիկյան բնակավայրերում։  Սարդարապատ գյուղից ծրագրային ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ 

Հաջողվե՞ց մասնակցային բյուջետավորման գործընթաց կազմակերպել համայնքներում

Բնակիչների մասնակցության ցածր ցուցանիշը պետք է որ մտահոգի նախագիծն իրականացնողներին։ Կառավարության փորձարարական ծրագրում ընդգրկված 4 համայնքները՝ Աշտարակ, Արմավիր, Ջերմուկ և Աբովյան, մի քանի տարի է, ինչ ներգրավված են  Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) մասնակցային բյուջետավորման ծրագրերում։ Նրանց հետ աշխատել են տարբեր կազմակերպություններ, այդ թվում նաև մենք՝ «Հետաքննող լրագրողներ» հ/կ–ն։ 

Ներկայացրել ենք մի շարք գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս լայն իրազեկման միջոցով մեծ թվով մարդկանց ներգրավել գործընթացում։ Բնակիչները քննարկումների ժամանակ բացահայտել են կարևոր խնդիրներ, որոնք դուրս էին թողնվել համայնքի զարգացման հնգամյա ծրագրից։ Ներկայացրել են սուբվենցիոն ծրագրերի օրինակներ, որոնց իրագործումն առաջնահերթ չեն համարել և այլն։   

Մեր դիտարկումով՝ չորս համայնքները բավարար գործիքակազմ չեն կիրառել բնակչության մասնակցությունն ապահովելու համար։ Ծրագրի իրագործման նպատակով ձևավորված հանձնաժողովները դահլիճային քննարկումներն ու իրազեկման աշխատանքներն իրականացրել են համայնքային կենտրոնում։ Բացառություն է Արմավիր համայնքը, որի երեք բնակավայրում հանրային քննարկումներ է կազմակերպել «Արմավիրի զարգացման կենտրոն» հ/կ–ն, բայց այստեղ էլ ծրագրային առաջարկների ցածր ցուցանիշ է արձանագրվել։ «Արմավիրի զարգացման կենտրոնը» հանրային քննարկում է կազմակերպել նաև Աշտարակի համայնքապետարանում։

Ամենից շատ առաջարկներ ստացած Աշտարակ համայնքում բնակիչները տեղեկացված չեն եղել սուբվենցիոն ծրագրի պահանջներին կամ չեն ընկալել դրանք, և նրանց հետ աշխատել էր պետք։ 

Բյուջետավորման գործընթացին փոքրաթիվ բնակավայրերի մասնակցությունը փաստում է, որ կիրառված գործիքակազմը բավարար չի եղել բոլոր բնակավայրերն ակտիվացնելու համար։ Համայնքներում ընդգրկված մյուս գյուղական բնակավայրերում հազիվ թե լավ կյանքի ցանկություն չունենան, իսկ եթե առաջարկներ չեն ներկայացրել, ուրեմն մասնակցայնության գաղափարը նրանց հասանելի չի եղել։ 

Համայնքապետարանները բնակիչների մասնակցայնության պասիվ ձևեր են օգտագործել՝ հիմնականում հայտարարություններ և լուրեր, որը բավարար չէ։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հնարավոր էր վիզուալ գործիքների կիրառումով առաջարկներ հավաքել։ Բոլորը չէ, որ առցանց գործիքներից օգտվելու հնարավորություն կամ բավարար հմտություն ունեն, կարող էին թղթային տարբերակով առաջարկներ ներկայացնելու հնարավորություն տալ նրանց։ 

«Համայնքներում տեղական մասնակցային բյուջետավորման գործընթացների կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուղեցույց»–ում նշվածներից բացի, առաջարկներ հավաքագրելու բազմաթիվ այլ տարբերակներ են ներկայացված։

Գլխավոր լուսանկարը՝ Աշտարակի համայնքապետարանի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter