HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ մարզիկները աշխարհի Մուայթայի առաջնությունում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել

Հայաստանի մարզիկները Թաիլանդում կայացած աշխարհի մուայ թայի  առաջնությունից վերադառնում են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։ Այս մասին հայտնում է, Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիան։

Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ  ֆեդերացիայի հավաքականը Բանգկոկում այս տարվա մարտի 12-20-ը մասնակցել է  World Muaythai Federation-ի կազմակերպած World Muaythai Championship 2024-ին։

Թաիլանդական մարտարվեստում Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ  ֆեդերացիայի հավաքականի ամենակրտսեր մարզիկը՝ Ռաֆայել Եզդօղլյանը (8 տարեկան), 30 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի։ 

Մինչ այս, Ռաֆայելը մենամարտեր է անցկացրել նաև Հայաստանում և Վրաստանում՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Ավագ մարզիկներից բրոնզե մեդալի են արժանացել Դավիթ Մեսրոպյանը՝ մինչև 57 կգ  քաշային կարգում և Հովիկ Քալաշյանը՝ մինչև 63.5 կգ քաշային կարգում։ 

Ռոման Քալաշյանն արժանացել է արծաթե մեդալի։ Քալաշյանը եզրափակիչ մենամարտում մինչև 71 կգ քաշային կարգում մենամարտել է Ավստրալիայի մարզիկի դեմ։  Ռոման Քալաշյանը նաև  բազմակի միջազգային և պրոֆեսիոնալ մրցաշարերի հաղթող է։ 

Երեք հայ մարզիկները՝ աշխարհի չեմպիոն

Պրոֆեսիոնալ Մուայ թայ  ֆեդերացիայի հավաքականի երեք մարզիկներ դարձել են աշխարհի չեմպիոն։ 

Ալեքսանդր Աբրամյանը 14-15 տարեկանների մինչև 67 կգ քաշային կարգում World Muaythai Championship 2024-ին արժանացել է ոսկե մեդալի։ Ալեքսանդրը եզրափակիչ մենամարտում հաղթել է Մեքսիկայի հավաքականի մարզիկին։ 

Սոֆիա Պոլովկովան  մենամարտել է մինչև 60 կգ  քաշային կարգում և եզրափակիչ մենամարտում հաղթել է Լիբանանի մարզուհուն՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ 

Հայկ Վարդանյանը ևս  World Muaythai Championship 2024-ին արժանացել է մեծահասակների ոսկե մեդալի՝ մենամարտելով մինչև 54 կգ քաշային կարգում։ 

Թաիլանդում աշխարհի մուայ թայի  առաջնությանը հանդես եկած հայ մարզիկները միջազգային մրցաշարերի մասնակիցներ են, երևանյան և մարզային սպորտային ակումբների և մարզադպրոցների մարզիչներ են։ 

Պրոֆեսիոնալ մուայ թայ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրամյանը նկատում է, որ տարեցտարի մուայ թայ մարզաձևը ավելի պահանջված է դառնում Հայաստանում։ Թաիլանդական այս մարտարվեստով հետաքրքրված են ինչպես կրտսեր, այնպես էլ՝ արդեն պրոֆեսիոնալ մարզիկները։ 

«Մենք կատարել ենք շատ ծանր աշխատանք և հասել ենք հաջողության։ Մեր մարզիկները փայլուն մենամարտեր անցկացրին։ Ունեցել ենք ծանր մենամարտեր և գոհացնող արդյունքներ»,- նշում է Արամ Աբրամյանը։

Պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան («Մուայ թայ պրոֆեսիոնալ հայկական ֆեդերացիա» ՀԿ) հիմնադրվել է 2011 թվականին։  2015 թվականին ֆեդերացիայի հավաքականն առաջին անգամ մասնակցել է World Muaythai Championship-ին։ Հաջորդ մասնակցությունը գրանցել է 2016 թվականին, որտեղ մարզիկ Էդգար Մելքոնյանը դարձել է աշխարհի չեմպիոն մինչև 60 կգ քաշային կարգում։ 

Լուսանկարը՝ Մուայթայ ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter