«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին». Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը մեղադրել է Ռուսաստանին, որ ցանկանում է «պատժել Հայաստանին խաղաղության ձգտման և իր ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սկզբունքների համար, որոնք (Մոսկվան) անարգում է Ուկրաինայում»։
Ֆրանսիական մամուլի հաղորդմամբ, մարտի 21-ին ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին՝ Ֆրանսիայի կառավարության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը «ցանկանում է պատժել Հայաստանին, որովհետև նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, ընտրել է ժողովրդավարությունը և իրավունքի պետությունը»։
Գաբրիել Ատալը նաև քննադատել է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանն աջակցելու համար։ «Ռուսական ուժերը, իբր՝ «խաղաղապահները», թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ բռնկվի»,- հավելել է նա։
Գաբրիել Ատալը Ադրբեջանից պահանջել է «դուրս բերել իր ուժերը Հայաստանի՝ օկուպացված տարածքներից»՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «ինքն է հայտարարել, որ ադրբեջանական ուժերը առաջ են շարժվել դեպի հայկական տարածքի մի քանի կետեր»։
«Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է՝ պաշտպանելու իր անկախությունը, ժողովրդավարությունը, իր տարածքը, մի խոսքով՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Ըստ «Լը Մոնդի»՝ ընթրիքի ժամանակ փոքրիկ դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև։ Ընթրիքին հրավիրված Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը լքել է սեղանը, երբ վարչապետ Գաբրիել Ատալը խստորեն քննադատել է Ռուսաստանին հայ-ադրբեջանական հակամարտությունում ունեցած դերի համար:
Ֆրանսահայերի կազմակերպած ընթրիքին ներկա է եղել 465 հյուր՝ հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, քաղաքապետներ, բազմաթիվ ընտրված պաշտոնյաներ, պատգամավորներ, լրագրողներ, դիվանագետներ։
Լուսանկարը՝ «Նուվել դ'Աղմենիի»
Մեկնաբանել