
Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբանները գնահատական կտան նախաքննության ընթացքին
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը «Հարսնաքար» ռեստորանում ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը հայտարարել է համահայկական մոմավառության օր:
«Մենք առայժմ տեղի և օրվա վերաբերյալ հայտարարություն չենք անում: Մենք դրա մասին նախապես կհայտարարենք առաջիկա օրերին, և իհարկե քննարկում է լինելու՝ դրա հետ կապված»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը: Այս ընթացքում հայտարարություններ կլինեն նաև այլ ակցիաների մասին:
Առաջիկա օրերին Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբանները գնահատական կտան նաև նախաքննության ընթացքին, որը հուլիսի 10-ին ներկայացրեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր Արսեն Այվազյանը: «Վահե Ավետյանի ընտանիքը նոր է վարձել փաստաբաններին»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:
«Այս օրերի ընթացքում, մինչև անգամ պրն Այվազյանի կողմից հնչեցված մեկ խոսքի ընթացքում արդեն իսկ անզեն աչքով երևում է, որ կային բազմաթիվ հակասություններ»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ դա խոսում է «նախօրոք և նախապես ուղղորդվող մի գործընթացի մասին»:
Լարիսա Ալավերդյանը մտավախություն ունի, որ նախաքննությունը կարող է փորձել այս գործը վերածել Պողոս Պողոսյանի գործի: Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը (մականունը՝ Կուկու) «Առագաստ» սրճարանում սպանեց Պողոս Պողոսյանին, քանի որ վերջինը, ով Ռոբերտ Քոչարյանի ուսանողական տարիների ընկերն էր, ասել էր. «Բարև, Ռոբ»: Աղամալ Հարությունյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
«Մենք պետք է ունենանք այդ անկեղծությունը և համարձակությունը, խոստովանենք, որ հասարակության ուժը չի հերիքել այն ժամանակ: Աշխատելու ենք այս անգամ հասնել հստակ արդյունքների՝ համաչափ պատժելիության սկզբունքի իրականացմանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա, սակայն, մտավախության ունի, որ «Հարսնաքարի» դեպքում ևս տուժածի մահը կարող են բնութագրել ոչ թե անմիջապես ծեծի հետևանքով առաջացած, այլ ուրիշ հանգամանքների պատճառով առաջացած:
«Պրն Այվազյանի խոսքի նախադասությունների, անգամ ստորակետերի մեջ հստակ երևում էր, որ ամեն ինչը ուզում են բերել մաքսիմում 5-10 տարի ինչ-որ պատժամիջոցի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Գարեգին Չուգասզյանն էլ նշեց, որ այս սպանությունը առաջին դեպքը չէ, սակայն այս դեպքն իր հասարակական վտանգավորության աստիճանով այլ է, քանի որ «քրեաօլիգարխիկ համակարգը ձեռք է բարձրացրել» բանակի սպայի վրա:
«Երբ կյանքի անվտանգության երաշխավորը ինքը վտանգված է Հայաստանում, հասարակությունը պիտի գիտակցի, թե ինչ վտանգի առջև է ինքը կանգնած: Սա հստակորեն հասարակական վտանգավորության այլ մակարդակ է: Անցած օրերին ընթացքում մենք չտեսանք մեր ռազմական ուժերի համապատասխան ներկայացուցիչների դատապարտող լուրջ հայտարարությունները»,- ասաց Գարեգին Չուգասզյանը՝ հավելելով, որ մարդկային ողբերգության առումով որևէ տարբերություն չկա՝ սպա է սպանվել, թե որևէ այլ մարդ:
Մեկնաբանել