
Ադրբեջանում հերքում են Ուկրաինային արկեր մատակարարելու լուրերը
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հերքել է 2022 և 2023 թվականներին գերատեսչության կողմից Ուկրաինային ականանետային արկերի մատակարարման մասին լուրերը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է այդ կառույցի պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում։
«Ի պատասխան Telegram սոցիալական ցանցի հայկական սեգմենտում Ադրբեջանի կողմից իբր Ուկրաինա ռազմական արտադրանք ուղարկելու մասին հրապարակումների հետ կապված հարցումներին, հայտնում ենք, որ այդ հաղորդագրությունները կեղծ են և ապատեղեկատվություն»,- ասված է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական այդ գերատեսչությունում նշել են, որ նման հաղորդագրություններ Telegram-ի հայկական ալիքներում առաջին անգամ չեն հայտնվում։ «Նման փորձեր արդեն արվել են։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ադրբեջանը նշված ուղղությամբ ռազմական նշանակության որևէ արտադրանք չի ուղարկել»,-պնդում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։
Նախօրեին տելեգրամյան որոշ ալիքներում լուրեր էին տարածվել այն մասին, որ 2022-2023 թվականներին Պաշտպանական արդյունաբերության նախարարության գծով Ադրբեջանը մի քանի խմբաքանակով Ուկրաինա է ուղարկել 82մմ տրամաչափի շուրջ 25 հազար ականանետային արկ։
Լուսանկարը՝ Expedia.com-ից
Մեկնաբանել