
Չնայած հարաբերություններում առկա բարդություններին՝ Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական պետություններ են. Պեսկով
Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են մնալ եղբայրական երկրներ՝ չնայած այս պահին հարաբերություններում առկա դժվարություններին։ Аргументы и факты թերթին տված հարցազրույցում հայ-ռուսական հարաբերությունները այսպես է բնորոշել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Հայաստանը ՌԴ-ի համար «նույնիսկ ավելի քան եղբայրական երկիր է, թեև երկու երկրներն այժմ հարաբերությունների բավական բարդ շրջան ունեն»: «Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում»,- ընդգծել է նա:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է կազմում Հայաստանի ընդհանուր բյուջեում՝ տարեկան մինչև մի քանի միլիարդ դոլար։
«Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այս բարդ ժամանակաշրջանը հաջողությամբ կանցնենք»,- նշել է Պեսկովը։
Պեսկովը նաև խոսել է Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման մասին։ Նրա խոսքով՝ «Կովկասից դուրս գտնվող ուժերը կայունություն չեն բերի տարածաշրջանին, ուստի նրանց մասնակցությունը պետք է սահմանափակվի»։
«Կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն ու բարգավաճում բերել»,- հավելել է Պեսկովը։
Վերջին շրջանում հայկական իշխանությունները քննադատում են Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու համար։ Պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը որևէ քայլ չեն ձեռնարկել Հայաստան ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումը կանխելու ուղղությամբ։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին, ինչպես նաև հայտարարել, որ օգոստոսի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանից դուրս կբերվեն ռուս սահմանապահները։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել