
Մոսկվան Երևանին ու Բաքվին առավելագույն զսպվածության կոչ է անում
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից, իսկ տարածքային բոլոր վեճերն ու փոխադարձ հավակնությունները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նման հարցերը, այդ թվում՝ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը, պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք, մեր կողմից, պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով Ռուսաստանի մոտ առկա եզակի քարտեզագրական նյութերն ու փորձագիտական կազմի առկայությունը»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նմանատիպ սկզբունքները կիրառելի են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում:
Զախարովան նշել է, որ կա փոխզիջումների մշակման կայացած մեխանիզմ։ Դա, ըստ նրա, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբն է:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին նիստում կողմերը մոտ էին տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական երթուղիների ապաշրջափակման համալիր փոխշահավետ որոշման ընդունմանը։
Վերջում Զախարովան կողմերին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել և վերսկսել փոխգործակցությունը «հաստատված եռակողմ ձևաչափերով, ներառյալ եռակողմ աշխատանքային խումբը»:
Լուսանկարը՝ Sputnik / Евгений Одиноков
Մեկնաբանել