
Ինչպես են ծանրաբեռնվում քրեական գործեր քննող դատարանները
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու հիմնական միջոցը շարունակում է համարել գործերի բաշխման ցանկից նրանց անունը ժամանակավորապես հանելը: Չկա հստակ վերլուծություն, թե ինչով է պայմանավորված դատավորների ծանրաբեռնվածությունը, որոնք են դրա պատճառները: Ընտրվել է կարճ ճանապարհ. բաշխման ցանկից հանել դատավորի անունը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով մյուս դատավորների համար, իսկ որոշ ժամանակ անց ցանկից հանել նաև այդ ծանրաբեռնված դատավորներին: Եվ այսպես շարունակ:
«Հետք»-ը «Դատալեքս» տեղեկատվական պորտալում հրապարակված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է 2023թ. գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանված, քրեական ուղղվածության տարբեր ատյանների և մարզերի հինգ դատավորների վարույթում առկա գործերը: Որպեսզի պարզ դառնա նրանց ծանրաբեռնվածությունը, ուսումնասիրել ենք գործերի բաշխման ցանկից հանելու մասին ԲԴԽ-ի որոշմանը նախորդած երեք ամիսների տվյալները:
Դատավորներն ընտրվել են՝ հաշվի առնելով, թե քանի անգամ է նրանց անունը ցանկից հանվել, ինչպես նաև՝ ապահովելով մարզերի, Երևան քաղաքի, տարբեր ատյանների ներգրավվածությունը:
Ընտրել ենք Երևան քաղաքի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին:
Արդեն գրել ենք, որ 2023թ. քրեական մասնագիտացման 48 դատավորի անուն է ժամանակավորապես հանվել գործերի բաշխման ցանկից:
Նարեկ Բադալյան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Նարեկ Բադալյանը պաշտոնում նշանակվել է 2023թ. հունվարի 30-ին: Մինչ այդ եղել է դատավորի օգնական, դրանից առաջ՝ դատավորի գործավար:
Դատավոր նշանակվելուց մոտ մեկ ամիս անց Նարեկ Բադալյանը դիմել է ԲԴԽ իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու խնդրանքով:
Քննարկելով Նարեկ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի գրությունը, ԲԴԽ-ն 2023թ. ապրիլի 3-ին որոշել է մի խումբ դատավորների, այդ թվում՝ Նարեկ Բադալյանի անունը ժամանակավորապես՝ ապրիլի 4-25-ը, հանել գործերի բաշխման ցանկից:
ԲԴԽ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ ծանրաբեռնվածություն է ունեցել դատավորն այն պահին, երբ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Պարզվում է՝ նորանշանակ դատավորն իր վարույթում ունեցել է 33 գործ, ինչն էլ ԲԴԽ-ն համարել է ծանրաբեռնվածություն:
Ուսումնասիրել ենք ԲԴԽ-ի որոշումից առաջ 3 ամսվա կտրվածքով (2023թ. հունվարի 4-ից ապրիլի 4-ը) հրապարակային տվյալները և արձանագրել, որ Նարեկ Բադալյանի վարույթում իրապես եղել է 33 գործ:
Այդ գործերով 3 ամսվա ընթացքում նա 44 նիստ է հրավիրել, որից կայացել է 37-ը, 7 նիստ չի կայացել դատավորի վատառողջության և դատական նիստերի դահլիճների ծանրաբեռնվածության պատճառով:
Վարույթում գտնվող 33 գործից միայն 12 գործով է մեկից ավելի նիստ հրավիրել: Իսկ 5 գործով նշված ժամանակահատվածում ընդհանրապես նիստ չի հրավիրել: Այդ ընթացքում 3 գործով վճիռ է հրապարակել, իսկ 2 գործ ուղարկել է այլ դատարան՝ ըստ ընդդատության:
ԲԴԽ-ի որոշման ժամանակ Ն. Բադալյանը փաստացի իր վարույթում ունեցել է ընդամենը 28 գործ: Այս պայմաններում ԲԴԽ-ն որոշել է, որ Նարեկ Բադալյանն ունի աշխատանքային խիստ ծանրաբեռնվածություն: Ավելին, 4 ամիս անց ԲԴԽ-ն դատավոր Բադալյանի մոտ դարձյալ ծանրաբեռնվածություն է նկատել: 2023թ. օգոստոսի 8-ին կրկին որոշում է կայացրել դատավորի անունը ժամանակավորապես հանել գործերի բաշխման ցանկից՝ օգոստոսի 8-12-ը:
Այս որոշմանը նախորդող 3 ամիսներին դատավորի ծանրաբեռնվածության ուսումնասիրությունից պարզվում է, որ 2023թ. մայիսի 8-ից օգոստոսի 8-ը Նարեկ Բադալյանի վարույթում եղել է 51 գործ:
Այդ գործերով 102 նիստ է հրավիրել, որից կայացել է 67-ը, 35 նիստ չի կայացել: Նիստերից 16-ը չի կայացել դատավորի վատառողջության պատճառով, 9 նիստ չի կայացել, քանի որ հերթապահ է եղել և քննել է կալանքի միջնորդություններ:
«Դատական բարեփոխումների» համատեքստում 2021թ․–ին փոփոխություններ կատարվեցին Դատական օրենսգրքում, և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, այդ թվում՝ անձանց կալանավորելու, հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, խուզարկության թույլտվություններ ստանալու և այլ հարցերը քննելու էին առանձին, մասնագիտացած դատավորները:
Երևան քաղաքում մասնագիտացած դատավորների համար նույնիսկ շենք առանձնացվեց՝ «Աջափնյակ-1» նստավայրը։ Մարզերի դատարաններում ընտրվել էր մեկական դատավոր՝ միայն այդ միջնորդությունները քննելու համար: Սակայն, գործունեությունից մոտ մեկ տարի անց դարձյալ փոփոխություն կատարվեց, և վերը նշված միջնորդությունների քննությունը կրկին վերապահվեց քրեական գործեր քննող դատավորներին: Այդպես էլ հստակ չպատճառաբանվեց, թե որն էր «վերադարձի» պատճառը:
Նարեկ Բադալյանի քննած գործերով 5 նիստ չի կայացել «առանձին սենյակում գտնվելու պատճառով» (այլ գործով դատական ակտ կայացնելու-հեղ.), 3-ը՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու և 2 նիստ՝ տեխնիկական պատճառներով: 51 գործից միայն 36-ով է մեկից ավելի անգամ նիստ նշանակվել, իսկ 8 գործով նշանակվել է վճռի հրապարակում:
Սաթենիկ Անդրեասյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Սաթենիկ Անդրեասյանը ևս համեմատաբար նոր է սկսել դատավորի կարիերան: Այդ պաշտոնում նշանակվել է նույն օրը, ինչ Նարեկ Բաբայանը՝ 2023թ. հունվարի 30-ին: Դրանից առաջ եղել է ավագ դատախազ:
Նշանակվելուց մոտ 7 ամիս անց ԲԴԽ-ն Սաթենիկ Անդրեասյանի անունը 4 ամսով հանել է գործերի բաշխման ցանկից: Պատճառաբանությունը նույնն է՝ ծանրաբեռնվածությունը:
Այդ որոշմանը նախորդող 3 ամիսների տվյալներով՝ Ս. Անդրեասյանի վարույթում եղել է 76 գործ:
Այդ գործերով ընդհանուր նշանակել է 110 դատական նիստ, որից կայացել է 98-ը: 2 նիստի վերաբերյալ տեղեկություն չկա. 7 նիստ չի կայացել այլ գործով դատավորի ծանրաբեռնված լինելու, իսկ 3 նիստ՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով:
76-ից միայն 24 գործով է 3 ամսվա ընթացքում մեկից ավելի դատական նիստ նշանակել: Վարույթում գտնվող գործերի կեսով՝ 37 գործով, հաջորդ դատական նիստը նշանակել է 3 ամիս անց:
Հրաչյա Մեխակյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Մեր ուսումնասիրած դատավորներից ամենից շատ գործ եղել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի վարույթում:
Հ․ Մեխակյանը դատավորի կարիերան սկսել է 2018թ. դեկտեմբերին: Նախ նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա` 2 տարի անց, տեղափոխվել Արմավիրի մարզ:
ԲԴԽ-ն Մեխակյանի անունը գործերի բաշխման ցանկից հանել է տարվա ընթացքում 2 անգամ՝ իրար հաջորդող 3-ական ամիս: Առաջին անգամ նոր գործերի մակագրումից դատավորն ազատվել է 3 ամսով՝ 2023թ. հունվարի 25-ից մինչև ապրիլի 25-ը:
«Դատալեքսի» տվյալների հիման վրա պարզել ենք, որ ԲԴԽ-ի որոշումից առաջ՝ 3 ամիսների ընթացքում, դատավորն իր վարույթում ունեցել է 208 քրեական գործ, որոնցով հրավիրել է 264 նիստ: Կայացել է 219 նիստ:
Մնացյալ 45 նիստերը չեն կայացել Հ. Մեխակյանի՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու, այլ գործով ծանրաբեռնված լինելու, կողմերի ոչ պատշաճ ծանուցված լինելու, ուղեկցող ջոկի ծանրաբեռնված լինելու պատճառով: Միայն 9 նիստ հետաձգվել է դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցման պատճառով:
208 գործից միայն 38-ի դեպքում է մեկից ավելի նիստ նշանակվել: Այսինքն՝ 170 գործով 3 ամսվա ընթացքում մեկական նիստ է նշանակվել:
151 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 3-5 ամիս անց:
Մեկ գործով (ԱՐԴ/0156/01/21) դատական հաջորդ նիստը նշանակվել է 7 ամիս անց, սակայն այդ օրն էլ նիստը չի կայացել, քանի որ մեղադրողը գտնվել է արձակուրդում, և հաջորդ նիստը նշանակվել է 3 ամիս հետո: Այս անգամ էլ վկան չի ներկայացել, և հաջորդ նիստը նշանակվել է 2 ամիս անց: Այդ օրը վկան դարձյալ չի ներկայացել, և նիստը ևս 2 ամսով հետաձգվել է: Ստացվում է՝ մեկ տարվա ընթացքում դատավորին չի հաջողվել կոնկրետ գործով նիստ անցկացնել:
Քանի որ դատավոր Հրաչյա Մեխակյանը գործերի մեծ մասով հաջորդ դատական նիստը նշանակել է 4 ամիս անց, 4 ամիս հետո նրա մոտ կրկին ծանրաբեռնվածություն է առաջացել:
ԲԴԽ-ի՝ բաշխման ցանկից Մեխակյանի անունը հանելու ժամկետի լրանալու օրը՝ ապրիլի 25-ին, դարձյալ որոշում է կայացվել Հ. Մեխակյանին ազատել նոր գործերի մակագրումից: Այս անգամ նույնպես նրա անունը ցանկից հանվել է 3 ամսով՝ 2023թ. ապրիլի 26-ից մինչև հուլիսի 26-ը:
Այս ժամանակահատվածին նախորդող 3 ամիսների ընթացքում, մեր ուսումնասիրության համաձայն, Հ. Մեխակյանի վարույթում եղել է 177 գործ: Սրանք հիմնականում հետաձգված գործերն են կամ որոնց հաջորդ նիստը նշանակվել է 3-5 ամիս անց:
Հ. Մեխակյանը 177 գործով 267 նիստ է հրավիրել, որից 36 նիստ չի կայացել՝ դատավորի վատառողջության, այլ գործով ծանրաբեռնվածության, կողմերի բացակայության, ոչ աշխատանքային օր լինելու պատճառով:
Մասնավորապես՝ գործերից մեկով (ԱՐԴ/0072/01/22) դատավորը դատական նիստ է նշանակել ոչ աշխատանքային օր՝ ապրիլի 24-ին: Այն չի կայացել, և հաջորդ նիստը նշանակել է 3 ամիս հետո: Այս սխալի պատճառով մոտ 7 ամիս այս գործով դատավորը որևէ ձևով ծանրաբեռնված չի եղել, քանի որ դրա նախորդ նիստն էլ նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ: Սակայն այդ գործը քանական առումով «ծանրացրել» է դատավորի աշխատանքը:
Մեր ուսումնասիրած երեք ամսվա ընթացքում միայն 52 գործով է մեկից ավելի նիստ նշանակվել: 113 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 3-5 ամիս ընդմիջումով:
Փաստացի, տարվա ուղիղ կեսը՝ 6 ամիս, Հրաչյա Մեխակյանին նոր գործեր չեն մակագրվել, և ծանրաբեռնվել են մարզի քրեական մասնագիտացման մյուս դատավորները:
Դավիթ Բալայան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր
Դավիթ Բալայանը նոր չէ դատական համակարգում: Դատավորի պաշտոնում աշխատում է արդեն 23 տարի:
Նրա անունը 2023թ. ընթացքում երեք անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից, սակայն վերը նշված դատավորների համեմատությամբ՝ շատ ավելի կարճ ժամանակահատվածով:
Առաջին անգամ Բալայանի անունը հանվել է 2 ամսով՝ 2023թ. հունվարի 31-ից մինչև մարտի 31-ը:
Դատական դեպարտամենտից փոխանցում են, որ Դավիթ Բալայանի վարույթում եղել է 118 քրեական գործ: Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել 102 գործ: Տարբերությունն այդքան էլ էական չէ, և տվյալները կարող են տարբերվել՝ հաշվի առնելով, որ «Դատալեքսում» տեղեկատվությունը միշտ չէ, որ հրապարակվում է ամբողջական և ժամանակին: Բացի այդ, դատավորների վարույթում գտնվող գործերի թիվն ամեն օր փովում է, հետևաբար տարբերությունը կարող է պայմանավորվել նաև այդ հանգամանքով:
102 գործով հրավիրել է 184 նիստ, որից 12-ը չի կայացել, 53 նիստ հետաձգվել է: 8 նիստ հետաձգվել է մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու պատճառով, իսկ 45-ը՝ ամբաստանյալի, պաշտպանի կամ մեղադրողի բացակայության, դիմումների հիման վրա:
56 գործով մեկից ավելի նիստ է նշանակվել: Ընդ որում, որոշ գործերով 3 ամսվա ընթացքում 5 նիստ է նշանակվել: Այդ ժամանակահատվածում 30 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:
ԲԴԽ-ն հաջորդ որոշումը կայացրել է ապրիլի 13-ին՝ դատավորին ցանկից հանելով ընդամենը 19 օրով՝ ապրիլի 14-ից մայիսի 2-ը:
Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այդ ժամանակ դատավորի վարույթում եղել է 97 քրեական և 31 այլ դատական գործ, այսինքն՝ կալանքի միջնորդություններ և այլն:
Քանի որ կալանքի միջնորդությունների քննությունները հրապարակային չեն, այդ անչությամբ դատական տեղեկատվական համակարգում տվյալներ չկան: Սակայն, այդ որոշմանը նախորդող 3 ամիսների ընթացքում ուսումնասիրել ենք 86 գործ:
86 գործով հրավիրվել է 174 նիստ, որից 5 նիստ չի կայացել, իսկ 47 նիստ հետաձգվել է: 7 նիստ հետաձգվել է դարձյալ մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու կամ ուշ բերելու պատճառով, իսկ մնացած 40-ը՝ ամբաստանյալի, պաշտպանի կամ մեղադրողի բացակայության, դիմումների հիման վրա:
62 գործով մեկից ավելի նիստ է նշանակվել երեք ամսվա ընթացքում, 16 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:
ԲԴԽ-ն Դ. Բալայանի վերաբերյալ երրորդ որոշումը կայացրել է հունիսի 5-ին՝ դատավորին գործերի բաշխման ցանկից հանելով ընդամենը 10 օրով՝ հունիսի 6-16-ը: Դեպարտամենտի տվյալներով՝ այդ ժամանակ Բալայանի վարույթում եղել է 114 քրեական գործ: «Դատալեքսով» ուսումնասիրել ենք 92 գործ:
Այդ գործերով հրավիրել է 185 նիստ, որից 9-ը չի կայացել, իսկ 38-ը հետաձգվել է: 8 նիստ հետաձգվել է մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու պատճառով: Կեսից ավելիի դեպքում՝ 60 գործով, մեկից ավելի անգամ նիստ է նշանակվել: 24 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:
Ստացվում է, որ դատավորի վարույթում գտնվող գործերով միայն 23 նիստ հետաձգվել է, քանի որ պետությունը չի կարողացել իր պոզիտիվ պարտականությունը կատարել և անազատության մեջ գտնվող անձին ժամանակին ներկայացնել դատարան: Մինչդեռ, այդ պատճառով դատարանը լրացուցիչ ծանրաբեռնվել է, ռեսուրս ծախսել:
Այս խնդիրը սրվում է հատկապես այն համատեքստում, որ անազատության մեջ գտնվող անձանց գործերով օր առաջ պետք է որոշումներ կայացվեն, որպեսզի արդարացվելու դեպքում ազատ արձակվեն: Այնինչ, պատկան մարմինները չեն կարողանում նրանց ժամանակին դատարան բերել:
Ռուբիկ Մխիթարյան, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Դատավոր Ռուբիկ Ներսիսյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանվել է ԲԴԽ-ի 2023թ. մայիսի 29-ի որոշմամբ՝ 2 ամսով:
Դատական դեպարտամենտի տվյալներով՝ դատավորը ծանրաբեռնված է եղել, քանի որ նրա վարույթում առկա էր 14 քրեական և 58 այլ դատական գործ: Մենք որոշմանը նախորդող 3 ամսվա կտրվածքով ուսումնասիրել ենք 17 գործ, որոնցով 16 նիստ է հրավիրել, կայացել է 14-ը:
5 գործով դատավորը որոշումներն ընդունել է գրավոր ընթացակարգով (վերանայման բողոք): Երեք ամսվա ընթացքում 17-ից միայն մեկ գործով է մեկից ավելի նիստ նշանակվել:
Այսպիսով՝ այս դատավորների գործերի թիվը, նիստերի քանակը, հաջորդականությունը, գործերի ձգձգման պատճառները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԲԴԽ-ն որոշումները կայացնում է առանց լուրջ հիմնավորումների և ուսումնասիրության: Այդ է պատճառը, որ օրինակ, դատավորներից մեկը կարող է 6 ամսով ազատվել նոր գործերի մակագրումից և պակաս արդյունավետությամբ աշխատելն, մինչդեռ մեկ այլ դատավոր, որին կարճ ժամկետով են ազատել նոր գործերի մակագրումից, ավելի արագ քննի գործերն ու թեթևացնի բեռը: Դատավորի անունը մակագրման ցանկից հանելուց առաջ, փաստորեն, վերլուծություն չի կատարվում:
Գրաֆիկական պատկերները՝ հեղինակի
Գլխավոր պատկերը՝ Տիրայր Մուրադյանի
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Մեկնաբանել