HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն անհանգստացնում է Ռուսաստանին. Զախարովա

Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում միտումնավոր տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերին անհանգստություն պատճառում: Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Զախարովան։ «Նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են համարում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական գործունեությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,- շարունակել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի ոչնչացմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»:

«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ՞ որ Հայաստանին ամբողջ աշխարհի աչքի առաջ դարձնում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիք, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ինչպես Երևանը, այնպես էլ Վաշինգտոնն ու Բրյուսելը պնդում են, որ հանդիպումը քաղաքական ու տնտեսական բնույթ ունի և ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։

Լուսանկարը՝ Scaliger/Adobe Stock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter