HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության գնահատման զեկույցի նախագիծ՝ մտահոգիչ տվյալներով

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն (ԹԻՀԿ) այսօր քննարկում էր կազմակերպել՝ ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) գործունեության գնահատման զեկույցի նախագիծը: Որոշ տվյալներ մտահոգիչ են, և Կենտրոնն առաջարկություններ է ներկայացրել՝ իրավիճակը շտկելու համար:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ու կենտրոնի փորձագետ Արմեն Խուդավերդյանի խոսքով, հետազոտության նպատակն է աջակցել կառավարությանը եւ ԿԿՀ-ին՝ բարելավելու կանխարգելիչ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը։

ԿԿՀ-ի գնահատումն իրականացվել է միջազգային սկզբունքներից բխող 6 չափման խմբերով՝ 51 ցուցանիշներով: Մասնավորապես, դիտարկվել է Հանձնաժողովի անկախությունը և կարգավիճակը, ապահովվածությունը ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով, հաշվետվողականությունը եւ ներքին բարեվարքությունը, հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության պահանջների պահպանման ապահովումը, կանխարգելման, հակակոռուպցիոն կրթությունն ու հանրային իրազեկումը, ինչպես նաև՝ համագործակցությունն ու արտաքին հարաբերությունները:

Յուրաքանչյուր ցուցանիշի գնահատման համար իրականացվել է փաստաթղթային ուսումնասիրություն, տվյալների համադրում և բովանդակային վերլուծություն: Գնահատումը կատարվել է փորձագիտական եղանակով:

Նշենք, որ ԿԿՀ-ն գործում է որպես օրենքով ստեղծված ինքնավար մարմին։ Հանձնաժողովը ձևավորվել է 2019թ. նոյեմբերին: Բացի հայտարարագրեր ընդունելն ու վերլուծելը, ԿԿՀ-ի լիազորություններից է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության պահանջների պահպանմանը հետևելը, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, պետական պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերների սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերի քննությունն ու լուծումը և այլն։

Ըստ զեկույցի նախագծի՝ ԿԿՀ-ի անկախության և կարգավիճակի չափումը գնահատվել է 77.8%։ ԿԿՀ-ն ունի ինստիտուցիոնալ անկախության համեմատաբար բարձր մակարդակ, քանի որ ձևավորվել է առանձին օրենքով:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի անդամների նշանակման և հեռացման գործընթացին, ապա ԿԿՀ-ի թափուր հաստիքների թեկնածուների մրցույթի կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև՝ մրցույթի արդյունքներին վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումների ընդունումը վերապահվել է մրցութային խորհրդին։ Այն ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների կամ Ազգային ժողովի խորհրդի, ԲԴԽ-ի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի կողմից մեկական ներկայացուցիչ առաջարկելու միջոցով՝ ԱԺ նախագահի որոշմամբ։ Մրցութային խորհուրդն ԱԺ աշխատակազմի օժանդակությամբ իրականացնում է մրցույթի կազմակերպման գործընթացները, որի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն ընտրվում է ԱԺ պատգամավորների կողմից փակ գաղտի քվեարկությամբ։

ԹԻՀԿ կարծիքով՝ ԿԿՀ անդամների բաց մրցութային կարգով ընտրությունը ԱԺ-ում տիրող քաղաքական պառակտվածության և ընդդիմադիր մասի բոյկոտի պայմաններում, բացառապես ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծամասնության ձայներով, կարող է հանրության ընկալումներում ԿԿՀ անդամի քաղաքական չեզոքության հետ կապված մտահոգություններ առաջացնել։

Նախագծում նշված է նաև, որ Հանձնաժողովի՝ կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության պահանջների պահպանմանը հետևելու՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակը նեղ է։ Մասնավորապես, պետական եւ համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի կազմակերպությունների առնչությամբ ԿԿՀ-ն չունի կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության պահանջների պահպանմանը հետևելու գործառույթ։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության պահանջների պահպանման նկատմամբ ԿԿՀ-ի գործառույթները չեն տարածվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ողջ շրջանակի վրա։

ԿԿՀ-ն չունի ՏԻՄ-երի, օրենսդիր և դատական մարմիներում, ինչպես նաև՝ դատախազական ու քննչական գործառույթներ ունեցող մարմինների վարքագծի կանոնների, շահերի բախման, այլ սահմանափակումների պահանջների պահպանման, հանրային ծառայության էթիկայի հանձնաժողովների, բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության համակարգման գործառույթներ։ ԹԻՀԿ-ն առաջարկում է ընդլայնել լիազորությունների շրջանակը:

Նախագծում առաջարկվում է նաև Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման ու անցկացման կարգում նախատեսել հակակոռուպցիոն ոլորտի մասնագիտացած ՔՀԿ-ների ներկայացվածության գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու հնարավորություն։ 

Նաեւ՝ Հանձնաժողովին վերապահել կոռուպցիոն ռիսկերի հիման վրա պետական և ՏԻՄ մարմիններում հակակոռուպցիոն ծրագրերի մշակման գործառույթի համակարգման լիազորություններ: Բացի այդ, վերապահել պետական և համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաեւ մասնավոր հատվածի կազմակերպությունների վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության գործունեության համակարգման գործառույթներ։

ԿԿՀ-ի ֆինանսական և մարդկային ռեսուրսներով ապահովվածության մակարդակը գնահատվել է 38.9%։ 2022թ. հակակոռուպցիոն կրթության ծրագրերի համար պետական բյուջեում ընդհանրապես ֆինանսավորում չի պլանավորվել։ Փորձագետների կարծիքով, բազմաթիվ դեպքերում, երբ ԿԿՀ-ի կատարողականը ցածր է եղել, միջոցները վերադարձվել են բյուջե։

ԿԿՀ-ի տվյալներով՝ 2023թ. մայիսի 3-ի դրությամբ կառույցի 57 հաստիքային միավորից թափուր է եղել 14-ը: ԿԿՀ-ում աշխատանքի ընդունվելը գրավիչ է, քանի որ 2023թ. մայիսի 3-ի դրությամբ հայտարարված 134 մրցույթին մասնակցել է 1300-ից ավելի դիմորդ: Նույն մարդը տարբեր պաշտոնների համար մրցույթներին դիմել է միջինը 7 անգամ:

ԿԿՀ աշխատակազմի գործող աշխատակիցների շրջանում կատարված հարցման արդյունքներով՝ Հանձնաժողովում մնալու հիմնական պատճառներն են՝ «ԿԿՀ-ում լավ աշխատանքային միջավայրի առկայությունը» (72.7%), «հանրությանը ծառայելու» վեհ գաղափարը (63.6%), «աշխատանքի հեղինակությունը» (45.5%)։ Նույնիսկ նման միջավայրում ԿԿՀ աշխատակիցների 72.7%-ը (1-2 անգամ կամ պարբերաբար), իսկ 63.6%-ը՝ «մշտապես կամ հաճախ» մտածում է աշխատանքը փոխելու մասին։

ԿԿՀ-ում կադրային բարձր հոսունության պատճառներից մեկը, ըստ փորձագետների, աշխատանքային վատ մթնոլորտն է։ Որոշ փորձագետներ այդ մթնոլորտը պայմանավորել են ԿԿՀ նախագահի հետ համատեղ աշխատանքի բարդություններով, իսկ ոմանք՝ միակենտրոն կառավարմամբ։

ԹԻՀԿ-ն առաջարկում է վերանայել ԿԿՀ-ի մարդկային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականությունը։ Վերլուծել և ուսումնասիրել ԿԿՀ անձնակազմում հոսունության, թափուր հաստիքների կայուն մակարդակի պահպանման, թափուր հաստիքների մրցույթների կազմակերպման արդյունքում հաղթող չճանաչվելու և պաշտոնի չնշանակվելու դեպքերի հանգամանքները։

ԿԿՀ-ի ներքին բարեվարքության եւ հաշվետվողականության մակարդակը գնահատվել է 25%: Հանձնաժողովի գործունեության նկատմամբ արտաքին վերահսկողության մեխանիզմները բացակայում են։ ԿԿՀ-ի աշխատակազմում բարեվարքության ներքին մեխանիզմներն ամբողջությամբ ձեւավորված չեն։ Հանձնաժողովի կողմից դեռևս սահմանված չեն պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, այդ թվում՝ ԿԿՀ անդամների վերաբերյալ: Զեկույցի նախագծում արձանագրվել է, որ ԿԿՀ-ի անդամների և աշխատակիցների բարեվարքության մեխանիզմների կիրարկման տեսանկյունից գործնականում ոչ մի գործընթաց չի իրականացվել։

Հանձնաժողովի կողմից հանրային պաշտոնյաների ու ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետևելու մակարդակը գնահատվել է 27.7%: Բարեվարքության պահանջների խախտումների բացահայտման առումով ԿԿՀ-ի նախաձեռնողականության միջին մակարդակը 2021թ. 1.7%-ից 2022թ. հասել է 6.25%-ի, որը համապատասխանում է միջին գնահատականին։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների վարքագծի կանոնների, շահերի բախման, նվերների ընդունման և այլ սահմանափակումների առնչությամբ 2021-2022թթ. ԿԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ վարույթներ չի հարուցել։

Զեկույցի նախագծում տեղ են գտել նաև «Հետք» և «Ինֆոկոմ» լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ԿԿՀ-ն ձգձգում է վարույթներ սկսելու գործընթացները՝ անհասկանալի պատճառաբանություններով և ապագայում համալիր վերլուծություններ կատարելու վերաբերյալ խոստումներով երկարաձգում վարույթների հարուցման գործընթացները։ Փորձագետների կարծիքով՝ ԿԿՀ-ում վարութային կարգավորումներն ամբողջական չեն։

2021-2022թթ. ԿԿՀ-ն ոչ մի հաղորդում չի ներկայացրել Գլխավոր դատախազություն ապօրինի հարստացման առերևույթ անհամապատասխանությունների կասկածով, հետեւաբար դրանց հիման վրա հարուցված քրեական գործեր չկան։ ԿԿՀ-ի կողմից առերևույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր պարունակող բարեվարքության պահանջների խախտումների հետապնդումների ցուցանիշը 2021թ. կազմել է 35.7%, իսկ 2022-ին՝ 22.5%, որոնք, ըստ զեկույցի նախագծի, բավականին ցածր ցուցանիշներ են։ 

Բարեվարքության պահանջների խախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառման համեմատաբար բարձր մակարդակ է ապահովվել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ, որոնց ուղղությամբ պատասխանատվության միջոցի կիրառման մակարդակը 2021թ. 38.5%-ից 2022թ. հասել է 52.4%-ի։

2021-2022թթ. ԿԿՀ-ի կողմից քաղաքական ազդեցություն ունեցող և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված վարչական վարույթների տեսակարար կշիռը վարույթների ընդհանուր թվում 85,7%-ից նվազել և 2022թ. կազմել է ընդամենը 17,8%։ Նման երևույթն, ըստ փորձագետների, հիմք է հանդիսացել հետաքննող լրագրողների մոտ ձեւավորելու կարծիք, որ ԿԿՀ-ն խուսափում է բարձրաստիճան պաշտոնատար որոշ անձանց, մասնավորապես՝ ՀՀ Վարչապետի ընտանիքի անդամների կամ նրա հետ փոխկապակցված բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ վարույթներ սկսել։

Ապօրինի հարստացման առերևույթ անհամապատասխանություններով պայմանավորված՝ ԿԿՀ-ի կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է։

Ըստ նախագծի՝ ԿԿՀ-ի կատարողականի վերաբերյալ հանրային ընկալումը, առանձին ուսումնասիրություններում ու հրապարակված զեկույցներում, ցույց է տալիս, որ պետական այլ հաստատությունների համեմատ ԿԿՀ-ն պակաս կոռումպացված է։ Հայաստանցիների ընդամենը 11.8%-ն է կարծում, որ այն «մեծապես կոռումպացված է», և 18.4%-ը՝ որ «որոշ չափով է կոռումպացված»։ Հարցին պատասխանողների 84%-ը գրեթե տեղյակ չէ ԿԿՀ գործունեության մասին:

ԿԿՀ-ի համագործակցության և արտաքին հարաբերությունների մակարդակը գնահատվել է 41,7%, կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման մակարդակը՝ 22%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter