HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով ուղարկվել են դատարան

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են:

Մասնավորապես, 2023թ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող Ժորա Կարապետյանը, լինելով ազատ հերթափոխում, այլ զինծառայողին ամրակցված ինքնաձիգով կատարել էր ինքնասպանության փորձ։ Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ, սակայն, հաջորդ օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, մահացել է։ 

Դեպքի առթիվ զինծառայողին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով հավաքված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ նույն զորամասի պարտադիր ժամկետային երկու զինծառայողների և Ժորա Կարապետյանի միջև, մարտական դիրքում ծառայություն կրելու ընթացքում, ձևավորվել են միջանձնային անառողջ հարաբերություններ: 

Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողն ինքնասպանությունը գործել էր համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով։

Համածառայակիցների ներկայությամբ լինելով հոգեբանորեն ընկճված և անելանելի վիճակում՝ Ժորա Կարապետյանը, 2023թ. օգոստոսի 10-ին՝ Ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում, իր պարտականությունները կատարելու ժամանակ, նույն դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային զինծառայողին ամրակցված «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգով գլխի շրջանում արձակել էր կրակահերթ և ինքն իրեն պատճառել կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել նրա երկու համածառայակիցներին: Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter