
Հացպանյանի փաստաբանը պատասխան չի գտնում
Ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի փաստաբան Ժիրայր Չոլաքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պատասխան չի գտնում, թե ինչու համաներումը չտարածվեց իր պաշտպանյալի վրա:
«Որքան հասկացել եմ, համաներման որոշումը նաև քաղբանտարկյալների համար էր, ուստի չեմ հասկանում, թե ինչու պարոն Հացպանյանը չազատվեց բանտից: Ես բացատրություն չունեմ»,- ասաց Ժիրայր Չոլաքյանը:
Նա չբացառեց, որ Սարգիս Հացպանյանին անազատության մեջ պահելը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ: «Բացատրություն չունեմ: Իսկ ինչու ոչ, միգուցե քաղաքական դրդապատճառ կա»,- ավելացրեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը 2008 թ. նոյեմբերի 4-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում: Ընդամենը 3 օր անց' նոյեմբերի 7-ին, նրան ձերբակալեցին, իսկ 2009 թ. ապրիլի 9-ին Ս.Հացպանյանը «սուտ մատնություն» մեղադրանքով դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Սարգիս Հացպանյանի վրա չէր տարածվել նաև 2009 թ. ընդունված համաներման որոշումը:
Մեկնաբանել