
Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել «Ամերիաբանկ»-ի վաճառքի գործարքին
Կենտրոնական բանկի խորհուրդը իր մարտի 29-ի նիստում որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ»-ի կանոնադրական հիմնադրամում Bank of Georgia Group PLC-ի («BOGG») և Bank of Georgia JSC –ի կողմից նշանակալի մասնակցության ձեռքբերմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն:
Հիշեցնենք, որ Bank of Georgia Group PLC-ն պատրաստվում էր 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկ»-ի բաժնետոմսերի 90%-ը։
Բանկի կանոնադրության 3.7 կետի ուժով՝ բանկի արտահերթ ընդհանուր ժողովը պետք է Bank of Georgia PLC-ի գնման առաջարկության վերաբերյալ, դիմելուց հետո երեսուն օրվա ընթացքում, համաձայնություն տալու կամ չտալու որոշում կայացնի։
Հիշեցնենեք նաև, որ «Ամերիաբանկի» կանոնադրական կապիտալում անուղղակի նշանակալից մասնակցություն ունի Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը։
«Ամերիաբանկ»-ի 48.82% բաժնետեր է «Իմաստ Գրուպ» ընկերությունը (IMAST GROUP (CY) LIMITED), որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:
Ինչպես «Հետքին» հայտնել էին «Ամերիաբանկ»-ից, բոլոր բաժնետերերը, ներառյալ «Իմաստ Գրուպը», ներգրավված են եղել բանկի առքուվաճառքի նախաձեռնության մեջ և տվել են իրենց դրական դիրքորոշումը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել