HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթում է ընդդիմությունը. Էրդողանն ընդունել է իր կուսակցության պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվել է նախօրեին Թուրքիայում ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Ընդ որում, ընդդիմության այս հաղթանակը նշանակալից է նրանով, որ վերջին անգամ նման բան եղել էր 20 տարի առաջ։

Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ՝ քվեաթերթիկների 99,82 %-ի հաշվարկից հետո ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 37,74 %-ը, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ 35,49 %-ը։ Ընդ որում, ընդդիմադիր քաղաքական գործիչները հաղթել են գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Անթալիայում։

Թուրքիայում քաղաքապետերի պաշտոնների համար մրցավազքը տեղական ընտրությունների ամենակարեւոր բաղադրիչն է։ Մայրաքաղաք Անկարայի քաղաքապետի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Մանսուր Յավաշը, որը ստացել է ընտրողների ձայների 59,5 %-ը։ Նրա գլխավոր մրցակից Թուրգութ Ալթընոքն էլ, որը ներկայացնում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ստացել է ձայների շուրջ 32 %-ը։

Էքրեմ Իմամօղլուն էլ կշարունակի զբաղեցնել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը՝ ստանալով ձայների 50,8 %-ը։ Իշխող կուսակցությունից նրա մրցակից Մուրաթ Քուրումն էլ ստացել է ձայների շուրջ 40 %-ը։ Թուրքիայում ընդունված է ասել, որ նա, ով հաղթում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, պոտենցիալ կարող է դառնալ Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածու։ Թուրք քաղաքագետները պնդում են, որ եթե Իմամօղլուն չկորցնի իր վարկանիշը, ապա 2028 թվականին նախատեսված նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմության թեկնածուն կլինի հենց Էքրեմ Իմամօղլուն։

Անթալիան ու Իզմիրը ավանդաբար հանդիսանում են Ժողովրդահանրապետական կուսակցությանը հարող քաղաքներ, իսկ այստեղ ընդդիմադիր այս կուսակցության առավելությունը իշխող կուսակցությունից գրեթե մշտապես գերազանցում է 10 %-ը։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն էլ հաջողվել է հաջողություններ գրանցել Թուրքիայի հարավ-արևելքում, որտեղ հիմնականում քրդախոս բնակչություն է։ Իրաքին սահմանակից Հաքյարի նահանգում հաղթել է Մեհմեթ Սըդըք Աքըշը` ստանալով ձայների 48,92 %-ը, իսկ իշխող կուսակցությունից Իսմեթ Օլմեզը ստացել է 46,8 %։

Սիրիային սահմանակից Մարդինում էլ հաղթել է քուրդ հայտնի քաղաքական գործիչ Ահմեդ Թյուրքը՝ ստանալով 58 %։ Նա նախկինում էլ էր զբաղեցնում այդ պաշտոնը։ 

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մտադիր է երկուշաբթի օրը հրապարակել ընտրությունների նախնական արդյունքները:

Մինչդեռ կուսակցությունների առաջնորդներն ու թեկնածուներն արդեն հայտարարել են իրենց հաղթանակի մասին կամ ընդունել են պարտությունը: Յավաշն ու Իմամօղլուն Անկարայում ու Ստամբուլում անգամ հանրահավաքներ են արել։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է իր կուսակցության շատ մեծ հաջողության մասին և առանձին ընդգծել, որ «1978 թվականից ի վեր առաջին անգամ պետական հեռուստատեսությունը Ժողովրդահանրապետական կուսակցությանն անվանել է ընտրություններում առաջատար»:

Իր կուսակցության պարտությունն ընդունել է նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս, սակայն, հայտարարել է, որ այս ընտրությունները «թուրքական ժողովրդավարության արդյունքն էին»։ Էրդողանը խոստովանել է, որ իր կուսակցությունը ընտրություններում ցանկալի արդյունքներ չի ստացել, սակայն հայտարարել է, որ դա «ոչ թե վերջն է, այլ շրջադարձային կետը»: Ըստ նրա՝ իշխող կուսակցությունն անհրաժեշտ հետևություններ կանի, կվերլուծի կատարվածը և կուղղի թույլ տված սխալները:

Reuters գործակալությունը նշում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցույց է տվել վերջին 20 տարվա ամենավատ արդյունքը։ Այսպես, 2019 թվականին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 44,33 %-ը, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցությունը՝ 30,12 %։

Լուսանկարը՝ Dilara Senkaya/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter