HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը աշխատում են «Мир» քարտերի սպասարկման ուղղությամբ

Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են աշխատել Հայաստանում «Мир» քարտերի սպասարկման իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի կողմից ճնշումների հետեւանքով վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС գործակալության թղթակցի հարցին։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «ԱՄՆ ճնշումը չի նշանակում, որ մենք մեր հայ բարեկամների հետ չենք շարունակում մեր սեփական ռիսկերը հեջավորելու (գործարք, որի նպատակն է նվազեցնել ներդրումների արդյունքում հավանական կորուստների կամ օգուտների ռիսկը՝ խմբ.) և իրավիճակը շտկելու աշխատանքը»: «Կշարունակենք քննարկման ուղիները և այն վնասի փոխհատուցումը, որը հասցնում է ամերիկացիների ահա այս աննախադեպ ճնշումը»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերը դադարել են մարտի 30-ից սպասարկել «Мир» քարտերը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ «ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով»։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը. երկրորդային պատժամիջոցների սպառնալիք, պատժամիջոցների սպառնալիք։ Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի հեջավորեն ռիսկերը»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ «Мир» քարտերը մարտի 30-ից այլևս չեն սպասարկվում Հայաստանի բանկերի կողմից։ Բացառություն է «ՎՏԲ Հայաստան» բանկը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ «Мир» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցների նկատմամբ կարող են սահմանվել ամերիկյան պատժամիջոցներ։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ ռուսական այս քարտային համակարգի միջոցով բոլոր այն օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նոր պայմանագրեր կկնքեն կամ կընդլայնեն իրենց համագործակցությունը համակարգի հետ, ռիսկի են դիմում՝ աջակցելու Ռուսաստանին ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու գործում, և, այդպիսով, նրանք էլ կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Լուսանկարը՝ Regnum գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter