165.8%-ով աճել են թմրամիջոցների շրջանառության դեպքերը
Երևանի Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում էականորեն ավելացել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի թիվը: Մարզերում դեպքերի դինամիկ աճը պահպանվում է հատկապես Շիրակում և Արմավիրում:
2023թ․ ընթացքում իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել են 202 կիլոգրամ 60 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ նախորդ տարվա 119 կիլոգրամ 832 գրամի համեմատ։ Առգրավվել են նաև 376 գրամ հոգեմետ նյութեր՝ նախորդ տարվա 403 գրամի համեմատ:
Դատախազության գործունեության 2023թ․ տարեկան հաղորդման համաձայն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է և կազմել 17.5%՝ նախորդ տարվա 37,9%-ի փոխարեն։
Իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։ Բացահայտման առումով խիստ մտահոգիչ արդյունքներ են գրանցվել հատկապես Գեղարքունիքի մարզում։ 2022թ․ գրանցվել է բացահայտման 88.2%, 2023թ․-ին՝ 20.5%, իսկ 2021թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք։ Վայոց Ձորի մարզում 2022թ․ գրանցվել է բացահայտման 75% արդյունք, 2023թ․՝ 22,2%, իսկ 2021թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք։ Տավուշի մարզում 2022թ․ գրանցվել է բացահայտման 100% արդյունք, իսկ 2023թ․-ին՝ 50%։
Հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ դրանց իրացման նպատակով շրջանառության դեպքերի աճ, որն առանձին տարածքներում գերազանցում է 100 կամ նույնիսկ 300 տոկոսը։ Դատախազության տվյալներով՝ մարզերում, ի տարբերություն Երևան քաղաքի, դեպքերը համեմատաբար քիչ են, ինչը պայմանավորված է առավելապես բնակչության թվակազմով և կենտրոնացվածությամբ:
Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ստացված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում 2023թ․ հունվարի 1-ի դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ է գտնվել 7612 անձ:
2022թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ նշված անձանց թիվը կազմել է 7570, 2021թ․-ին՝ 7392, 2020թ․-ին՝ 7209, 2019թ․-ին՝ 6951, իսկ 2018թ․-ին՝ 6572։
Մեկնաբանել