
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել խուսափել սահմանին լարվածությունից
Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան երկու երկրների սահմանին լարվածության սրումից, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավար Մեթյու Միլերը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։
Նրան խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որը հայտարարել էր իբր «երկու երկրների սահմանին հայկական զինուժի կողմից հրետանային համակարգերի և ծանր սպառազինության այլ տեսակների տեղակայման մասին»:
«Ուզում եմ նշել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է և հանդարտ, զորքերի կամ հրետանու ոչ մի արտառոց տեղաշարժ չկա՝ չնայած այդ հայտարարություններին: Մենք զգուշացնում և կշարունակենք զգուշացնել սահմանին հռետորաբանության և ռազմական գործողությունների սրացումից խուսափելու մասին։ Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ հարգվում են բոլոր մարդկանց իրավունքները: Եվ, ինչպես դուք արդեն լսել եք ինձանից այս ամբիոնից, շատ դեպքերում կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը բանակցություններն են»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «կշարունակի հասկացնել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որ էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից»:
Միլերին խնդրել են մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հանդիպումը:
«Կարծում եմ, որ այս հանդիպմանը մենք կրկին կքննարկենք Հայաստանի բարեփոխումները, այդ երկրում ժողովրդավարությունը, տնտեսությունն ու կայունությունը: Խաղաղության գործընթացն այս հանդիպման գլխավոր թեման չէ։ Սա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսության դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը և քաղաքական բարեփոխումներին աջակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- հավելել է Միլերը։
Վերջին օրերին Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում են սահմանին լարվածության սրման շուրջ։ Երևանի պնդմամբ՝ Բաքուն տեղեկատվական հող է նախապատրաստում հայ-ադրբեջանական շփման գծին սադրանքներ իրականացնելու մեջ։ Բաքուն էլ իր հերթին պնդում է, թե իբր Երևանը զորքեր է տեղակայում սահմանին։ Երևանում հերքում են այդ լուրերը։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել