
Իրանը հաստատում է Դամասկոսում իրանական հյուպատոսությանը հարվածի հետևանքով իրանցի գեներալների զոհվելու լուրը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հաստատել են, որ կառույցի 7 անդամներ զոհվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով: Եվս մի քանի մարդ էլ վիրավորվել է։
Զոհերի թվում են ԻՀՊԿ բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդին, ինչպես նաև նրա տեղակալ գեներալ Մոհամադ Հադի Հաջի Ռահիմին:
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իսրայելական ինքնաթիռները ապրիլի 1-ին, տեղի ժամանակով մոտավորապես 17:00-ին Գոլանի բարձունքներից հարված են հասցրել իրանական հյուպատոսության շենքին: Գերատեսչությունում հավելել են, որ սիրիական ՀՕՊ միջոցները խոցել են հրթիռների մի մասը։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ չեն մեկնաբանում այդ հաղորդագրությունները: Հարվածի հետևանքով հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է։
Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում «ագրեսորների» դեմ պատասխան գործողություններ ձեռնարկել, որոնք հարված են հասցրել Դամասկոսին:
Armenia is deeply concerned by the recent attack on the Iranian consulate in Damascus. The inviolability of diplomatic representations is a must & should not be questioned under any pretext. We express our sincere sympathy to victims & wounded.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 2, 2024
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է իրանական հյուպատոսությանը հասցված հարվածին` նշելով, որ հայկական կողմը մտահոգված է Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակմամբ։ «Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պատրվակով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Х-ի միկրոբլոգում։
Բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Զահեդին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր գործիչներից էր։ Նա կորպուսին միացել է 44 տարի առաջ, 2008-2016 թվականներին մասնակցել Սիրիայում և Լիբանանում ռազմական գործողություններին։
Իրանի պետական հեռուստատեսությունը նրան անվանել է ԻՀՊԿ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի ավագ հրամանատար:
Գեներալ Զահեդին գտնվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ։
Լուսանկարը՝ Maher Al Mounes/AFP via Getty Images
Մեկնաբանել